Մատչելիության հղումներ

Ալիևը նորից պահանջեց, որ Հայաստանը դուրս հանի զորքերը ԼՂ-ից և ապահովի ճանապարհ դեպի Նախիջևան


Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի շուրջ չորս ժամ տևած բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պահանջեց, որ Հայաստանը կատարի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ դուրս հանի զորքերը Լեռնային Ղարաբաղից և ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։

Թե՛ Ալիևը, թե՛ Պուտինը բանակցություններին և բանակցություններից հետո հայտարարեցին երկու երկրների միջև հարաբերությունների նոր փուլի մասին։ Բաքուն և Մոսկվան այսօր պաշտոնապես դաշնակիցներ են, և ընդորում հռչկագիրը նախատեսում է ռազմական անվտանգություն: Մասնավորապես, Բաքվի պնդմամբ, այսօր ստորագրված փաստաթղթում նշված է, թե «Անվտանգությունն ապահովելու, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը»:

Իսկ Ալիևը ասուլիսին նաև շեշտեց, թե հռչակագրով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների իրավական դաշտի հիմնարար փաստաթուղթը համարվում է 1997 թվականի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «Բարեկամության համագործակցության և փոխադարձ անվտանգության» պայմանագիրը, որին հետագայում ավելացել է 2008 թվականին ստորագրված «Բարեկամության և ռազմավարական գործընկերության» հռչակագիրը։

«Սա նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման համար»

Պուտինը այսօր խոստովանել է, թե այս նոր փուլին՝ դաշնակցային հարաբերություններին կողմերը հասել են «նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շնորհիվ:

Ընդորում՝ Կրեմլի ղեկավարը ընդգծել է, թե խնդիրը դեռ վերջնականապես կարգավորված չէ, բայց կարգավորման ընթացքում է․ «Եվ այսօր մենք կստորագրենք Դաշնակիցների փոխգործակցության հռչակագիրը։ Սա, միանգամայն ակնհայտորեն, նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման համար և, իհարկե, դա հնարավոր դարձավ, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելուց հետո, որն ընդհանուր առմամբ ամբողջությամբ դեռ լուծված չէ, բայց մենք այդ ուղղությամբ առաջ ենք գնացել»:

Պուտինը այսօր նաև ընդգծել է, թե կան արդեն որոշակի պայմանավորվածություններ առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ:

«Կան արդեն որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման առումով, այլ նաև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ... Գիտեմ, որ դեռ կան վեճեր, անելիքներ կան, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը շարունակվի խաղաղ ճանապարհով, որպեսզի մենք հասնենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի գոհունակությանը», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը։

Ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, Մոսկվան ու Բաքուն չեն մանրամասնում։

Պաշտոնական այցով Ալիևը կնոջ հետ Մոսկվա է ժամանել երեկ: Երբ Ռուսաստանի նախագահը երեկ երեկոյան դաշնային հեռուստաընկերությունների եթերում իր շուրջ մեկ ժամանոց ճառն էր կարդում և ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, Ադրբեջանի նախագահը կնոջ հետ արդեն Մոսկվայում էր։

Ընդամենը մեկ ամիս առաջ Իլհամ Ալիևը Կիևում էր և Վլադիմիր Զելենսկու հետ ստորագրել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող հռչակագիր։ Այսինք՝ Ղրիմը ճանաչել էր ուկրաինական տարածք։

Ռուսաստանի այսօրվա իշխանությունները ռուսական կայսրությունը վերականգնելու ծրագրեր չունեն. Պուտին

Ի դեպ, Խորհրդային միության փլուզումից հետո մնացել են միայն Մերձդնեստրը և Լեռնային Ղարաբաղը, որոնց անկախությունը Մոսկվան պաշտոնապես չի ճանաչել։ Պուտինն այսօր շտապել է հանգստացնել Ալիևին, պնդելով, թե Ռուսաստանի այսօրվա իշխանությունները ռուսական կայսրությունը վերականգնելու ծրագրեր չունեն:

«Կրկնում եմ՝ Ուկրաինայի հետ իրավիճակն այլ է, և պայմանավորված է նրանով, որ, ցավոք, այդ երկրի տարածքն օգտագործում են երրորդ երկրները՝ Ռուսաստանի դեմ սպառնալիքներ ստեղծելու համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Ադրբեջանի նախագահն այսօր Ուկրաինայից չի խոսել՝ շրջանցելով և որևէ մեկնաբանություն Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների մասին չի արել: Փոխարենը Կրեմլում շեշտել է, թե հայ-ադրբեջանական կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Ռուսաստանը ամենակարևոր դերակատարն է։

«Այսօր նոր իրավիճակ է, այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում ընդունված են համաշխարհային հանրության կողմից։ Եվ Ռուսաստանը նույնպես շատ կարևոր, ես կասեի, առաջատար դեր է խաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, նորմալ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում։ Մենք մեծապես գնահատում ենք այս դերը», - ասել է Ալիևը:

Մինչև Ալիևին ընդունելը, Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ղեկավարի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, երկու կողմից ընդգծվել է եռակողմ հայտարարությունների հետևողական կատարման կարևորությունը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը, հայ - ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերի իրականացումը։

Կրեմլի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա կայցելի գարնանը։

Ինչ վերաբերում է Ալիևին, նրա այցը չի սահմանափակվելու Պուտինի հետ բանակցություններով: Վաղը՝ փետրվարի 23-ին Ադրբեջանի ղեկավարը կծանոթանա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ՏԱՍՍ-ի և ադրբեջանական AzerTAj գործակալության համատեղ լուսանկարչական ցուցահանդեսին և կհանդիպի ռուսական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG