Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ հանրապետությունների հետ բարեկամության և համագործակցության պայմանագրերի վավերացմանը, որոնց ճանաչման մասին նախօրեին հայտարարել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանյան օրենսդիր մարմնի անդամները վավերացման մասին օրենքի ընդունումը ողջունեցին բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։
Այսպիսով, փաստաթղթերը պետք է ուժի մեջ մտնեն հրապարակման օրվանից, այսինքն՝ փետրվարի 22-ին։
Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարում։