Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ են Հայաստանը տանել Միութենական պետություն, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման համոզմունք հայտնեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ նկատելով՝ հիմա նրանց մինջև մրցակցություն կա, թե ով ավելի լավ դա կանի։
Բաղդասարյանը նշեց՝ պետք է քաղաքական գործիչների ոչ թե խոսքերին, այլ գործողություններին ուշադրություն դարձնել։
«Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշարջանի մասին, խոսում է Թուրքիայից, Ադրբեջանից եկող դրական ազդակների մասին, երբ խոսում է Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկ կառուցելու մասին, դա դեռ չի նշանակում, թե այդ ամենն անելու է։ Դա պարզապես փորձում է բոլոր ուղղությունների վրա խաղալ, բայց իրականում, գործնական դաշտում, ինքը ամենամեծ պատրաստակամությամբ և գերազանցիկի նման հենց ինքն է պատրաստ նետվել Միութենական պետության մեջ՝ ուղղակի իր իշխանությունը պահելու համար, և արդյունքում, ցավոք սրտի, ստացվում է, որ Հայաստանում միմյանց դեմ պայաքրում են ոչ թե Հայաստանը ղեկավարելու, այլ Ռուսաստանի լավագույն գուբերնատորի տիտղոսի համար», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Հիշեցնելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների ստեղծած Միութենական պետությանը միանալու տեսակետը, քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը նկատեց՝ Քոչարյանը մտել է մի դաշտ, որտեղ ինքը կկարողանա ավելի շատ բան առաջարկել Ռուսաստանին։
«Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը, ըստ էության, ինքն այն վերջին կարմիր գիծն անցավ՝ Հայաստանի ինքնիշխանության, անկախության կարմիր գիծն անցավ և առաջարկեց նաև էդ օրակարգի սպասարկումը։ Հիմա վարչապետը սա առնվազն դեռևս չի արել և հույս ունենեք, որ չի էլ անի», - ասաց Քոչինյանը։
Քաղաքական մեկնաբան Կիրակնօրյա վերլուծականի հետ զրույցում միևնույն ժամանակ ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն աննախադեպ է ուղղակի կախվածության մեջ գտնվում Ռուսաստանից, և իշխանությունները փորձում են կայունություն պահպանելու համար հնարվորինս քիչ հակադրվել Ռուսաստանին։
«Բայց կա նաև սուբյեկտիվ մաս, էդ սուբյեկտիվ մասը մենք բավկանին լավ տեսանք Ղազախստանի դեպքերի ժամանակ, երբ որ Հայաստանի իշխանությունները, գերազանցիկի սինդրոմով էին Ռուսաստանի կամքը կատարում, այսինքն՝ բոլորից արագ, բոլորից շուտ, բոլորից արդյունավետ և բոլորից մանրամասն էին այդ կարգադրությունները կատարում՝ և՛ ներքին ներքին շուկայիում մրցակիցներից առաջ անցնելու համար, և՛ արտաքին շուկայում մրցակիցներից առաջ անցնելու համար։ Սա սուբյեկտիվ մասն է, որ իշխանությունները հայտնի չափով իրենց իշխանության ամրապնդումն ու վերարտադրումն այլևս կապում են Ռուսաստանի կամքի հետ», - ասաց Քոչինյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․