Մենք Վլադիմիր Պուտինի հետ միասին կպահպանենք մեր ընդհանուր հայրենիքը, Ռուսաստանի նախագահի հետ առաջիկա հանդիպման նախօրեին հայտարարել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի վեցերորդ պաշտոնավարման դեմ ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից ի վեր։
«Ինչ էլ խոսեն մեր մասին, մենք Վլադիմիր Պուտինի հետ միասին կահպանենք մեր ընդհանուր հայրենիքը՝ Բրեստից մինչև Վլադիվոստոկ, մեր ընդհանուր հայրենիքը, որտեղ ապրում է մի արմատի երկու ժողովուրդ», - մասնավորապես ասել է նա:
Նոր կուսակցություն է ստեղծվում
Այսօր` սեպտեմբերի 1-ին, Մինսկի կենտրոնական՝ Անկախության պողոտայում բողոքի երթի էին դուրս եկել ուսանողները։ Ոստիկանությունը ցուցարարներին հորդորում էր ցրվել, մոտ տասնյակ ուսանողներ ձերբակալվել են։ Իսկ նախագահական ընտրությունների չգրանցված թեկնածու, կալանավորված ընդդիմադիր, «Գազպրոմի» նախկին թոփ մենեջեր և Ռուսաստանի թեկնածուն համարվող Վիկտոր Բաբարիկոյի շտաբը հայտարարել է քաղաքական կուսակցության ստեղծման մասին։
«Բարեկամնե՛ր, ես` Մարիա Կոլեսնիկովան և Վիկտոր Բաբարիկոյի շտաբի անդամները հայտարարում ենք «Միասին» քաղաքական կուսակցության ստեղծման մասին», - հայտարարել է Մարիա Կոլեսնիկովան, ով մեկն էր հետընտրական Բելառուսի ընդդիմադիր շարժման երեք կին առաջնորդներից, և միակը, որ մնացել է Բելառուսում։ Ընտրություններին Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան մինչ օրս Լիտվայում է, սեպտեմբերի 4-ին նա պատրաստվում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Լիտվայի իշխանություններն անցել են քաղաքավարության բոլոր սահմանները. Լավրով
Իր դեմ չդադարող ցույցերի ֆոնին Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Բարանովիչի քաղաք, որտեղ ասել է, թե ի պատասխան երեկ բալթյան երկրների սահմանած պատժամիջոցների` Մինսկը կարող է փակել Բելառուսի արևմտյան սահմանները և թույլ չտալ, որ գերմանական բեռնատարները շարժվեն դեպի արևելք։ Լուկաշենկոյի պնդմամբ՝ եվրոպական լուրջ պետություններն ուղղորդել են թույլ բալթյան երկրներին պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ։ Երեկ Էստոնիան, Լիտվան ու Լատվիան պատժամիոցների ցուցակներ էին հրապարակել, որոնցում ընդգրկված են նաև Լուկաշենկոն և նրա որդին՝ Վիկտորը, նրանց մուտքն այդ երկրներ անժամկետ արգելվել է։
Այսօր այդ պատժամիջոցներին է անդրադարձել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ասելով, թե Լիտվայի իշխանություններն անցել են քաղաքավարության բոլոր սահմանները. - «Մեր լիտվացի հարևանները իմ կարծիքով` արդեն անցել են արժանապատվության բոլոր սահմանները։ Եվ մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ նրանք տիկին Սվետլանա Տիխանովսկայայի հետ աշխատում են ոչ ժողովրդավարական մեթոդներով։ Այդ մեթոդներում «այնքան էլ չի դրսևորվում» Բելառուսի ինքնիշխանության նկատմամբ հարգանք»:
Ըստ Լավրովի՝ այժմ փորձեր են արվում ապակայունացնելու իրավիճակը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ բելառուսցիները ստեղծված ճգնաժամից կարող են ինքնուրույն դուրս գալ։
Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Լուկաշենկոյի խնդրանքով ստեղծվել է ռուսաստանցի իրավապահների ռեզերվ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգնել Բելառուսի գործող իշխանություններին։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին նաև հաստատել է, որ առաջիկայում Մոկսվայում կկայանան Պուտին-Լուկաշենկո բանակցությունները։
Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ այդ բանակցություններին Լուկաշենկոն վերջապես կստորագրի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության շրջանակներում Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն բոլոր փաստաթղթերը։ Անցած տարի Լուկաշենկոն հրաժարվել էր ստորագրել դրանք և նույնիսկ հայտարարել էր արևմուտքի հետ նոր հարաբերություններ սկսելու հավանականության մասին։
Օգոտսոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունները և դրանց հետևած բողոքի մեծ ալիքը, սակայն, բարենպաստ պայմաններ են ստեղծել Մոսկվայի համար Բելառուսի հետ ինտեգրացիոն բոլոր գործընթացներն արագացնելու համար։ Հայտնի քաղաքագետ Եվգենիա Ալբացը, օրինակ, համարում է, որ Մոսկվան մինչև Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները դե ֆակտո կավարտի Բելառուսը Ռուսաստանին միավորելու գործընթացը. - «Թրամփի հաղթանակը մեծ նվեր կլինի Պուտինի համար, սակայն Կրեմլում կարծում են, որ ընտրություններին հաղթելու է Բայդենը, և դրա համար շտապում են ավարտել կարևոր գործերը, քանի դեռ Սպիտակ տուն չեն եկել նրանք, ովքեր լուրջ ատամներ ունեն թե Պուտինի, թե նրա շրջապատի վրա։ Եվ հենց դրա համար մեկ ամսում Պուտինը կկարգավորի բելառուսական խնդիրը։ Եվրոպան իհարկե, կաղմկի, սակայն հանգիստ շունչ կքաշի, որ դա, փառք Աստծո, կատարվել է Բելառուսի, այլ ոչ թե ՆԱՏՕ անդամ պետության հետ»։