Մատչելիության հղումներ

Չորս տարի ջրի սակագնի բարձրացման զսպումն արժեցել է ավելի քան 24 միլիոն դոլար


Մինչև այս տարվա հունվարից ջրի՝ 20 դրամով թանկացումը, վերջին 4 տարիներին սակագնի փոփոխություն չի եղել, որովհետև 2018-ին ու 2019-ին կառավարությունը առնվազն 2.5 միլիարդ դրամի սուբսիդիա է վճարել «Վեոլիա ջրին», իսկ 2020 ու 2021 թվականներին 9 միլիարդ դրամով «Վեոլիա ջրի» համար զեղչել է վարձակալության վճարը։

Պայմանավորվածության մասին վարչապետ Փաշինյանը չէր թաքցնում, սակայն բաց էր թողնում հարկատուների գրպանից վճարելու հանգամանքը։

«Մենք՝ կառավարությունը, այս ընթացքում բանակցեցինք «Վեոլիա ջրի» հետ և պայմանավորվեցինք հետևյալը՝ որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու», - հայտարարել է Փաշինյանը:

2018-ին հեղափոխությունից հետո «Վեոլիա ջրի» հետ Ջրային կոմիտեն նախ «Փոխըմբռնման հուշագիր» է ստորագրել, ապա համաձայնագիր կնքել, ըստ որի ընկերությունը հետաձգում է սակագնի բարձրացումը, ընդունվել են կառավարության համապատասխան որոշումներ, որտեղ էլ սահմանվել է, թե սպառված յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց կառավարությունը որքան է փոխհատուցում՝ ավելի քան 11 դրամ։

Արդեն անցյալ տարի՝ 2021-ին որոշեցին չեղարկել «Վեոլիային» տրվող վարձակալության զեղչերն ու սուբսիդիաները, ինչի հետևանքով սպառողները 180 դրամի փոխարեն սկսեցին վճարել 200 դրամ, բացառությամբ անապահովների, որոնց համար սակագինը մնացել է նույնը։

Ըստ Փաշինյանի, հիմա գնալով սակագնի փոփոխության, կանխել են հետագա տարիների սակագնի կտրուկ աճը

Օրեր առաջ թեմային անդրադարձավ վարչապետ Փաշինյանը՝ մանրամասնելով, որ հիմա գնալով սակագնի փոփոխության, կանխել են հետագա տարիների սակագնի կտրուկ աճը. «Ջրի գնի մասին են ասում, մենք կարող ենք ասել՝ ասե՞լ ենք՝ մինչև 24 թիվը չպիտի թանկանա, մինչև 24 թիվը չթանկանա, 24 թվի հունվարի 1-ից 10 անգամ թանկանա»:

Տարածքային կառավարման նախարարության Ջրային կոմիտեում նույնն են ասում՝ սակագինը մինչև 2024 թվական պետք է ամեն տարի բարձրանար, ապա հաջորդող տարիներին իջներ, այժմ պայմանավորվել են առաջիկա տասը տարում 200 դրամից այլևս չբարձրացնել, ոչ էլ հետո իջեցնել, սակայն հետագա բարձրացումներ կամ շտկումներ, այնուամենայնիվ, կարող են տեղի ունենալ հոսանքի թանկացման կամ սղաճի պարագայում, բացատրեց Ջրամատակարարման և ջրահեռացման վարչության պետ Արմեն Սերգոյանը:

«Յուրաքանչյուր տարի օգոստոսի առաջին տասնօրյակում «Վեոլիան» ներկայացնում է սակագնի ճշգրտման հայտ, այսինքն ամեն տարի ինքը ներկայացում է: Եվ ամեն տարի փոփոխություն եղել է՝ սկսած 18 թվականից, տարբեր ձևերով՝ թե՛ սուբսիդիայի ձևով, թե՛ վարձակալության պայմանագրի գումարների նվազեցման միջոցով, մի խոսքով բոլոր դեպքերում ամեն տարի, համաձայն վարձակալության պայմանագրի, փոփոխություն եղել է: Այսինքն որոշակի կոր գոյություն ուներ, և այդ կորը հիմա փոխարինվեց հնարավորինս հաստատուն գծով», - նշեց Սերգոյանը:

«Եթե մի անգամ կար, որ պետք էր գնաճը զսպել, դա հիմա էր»

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է 2018, 19 թվականներին կառավարությունը հարկատուների հաշվին զսպել սակագնի բարձրացումը, իսկ 2022-ի համատարած թանկացումների ֆոնին, որոշել այլևս չկանխել ջրի թանկացումը։

«Եթե մի անգամ կար, որ պետք էր գնաճը զսպել, դա հիմա էր: Հայաստանում 2018 և 2019 թվականներին միջին եկամուտների աճը գերազանցում էր գնաճը՝ ի տարբերություն այս տարվա: Այս ժամանակահատվածում, մենք կանխարգելող գործիք ենք կիրառում, գալիս է մի պահ, երբ բոլոր ոլորտներում եկամուտների աճն ավելի ցածր է, քան գնաճը, այսինքն կյանքի պայմանի վատացում, այս պահին դադարեցնում ենք այն օժանդակությունները, որոնք կային», - ընդգծեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Եթե «Վեոլիա ջրի» հետ կնքված պայմանագրի համաձայն, ջրի սակագինը ամեն տարի փոփոխվում է տարբեր գործոնների, այդ թվում, հոսանքի գնի փոփոխության ազդեցությամբ, ապա Կառավարության և ընկերության միջև կնքված պայմանագրում ջրի ելակետային արժեքի գոյացման հարցում մեծ դեր ունի խմելու ջրի հսկայական կորուստը, որը կազմում է 80 տոկոս։

«Այսինքն սրա մեջ մտնում է տարբերությունը այն իրացված ջրի և ջրարտադրության տարբերությունը՝ տոկոսային արտահայտությամբ, ինչքան որ բնությունից վերցրել է ու ինչքան որ վաճառել է », - ասաց Ջրային կոմիտեից Արմեն Սերգոյանը:

Սերգոյանը մանրամասնում է՝ ընկերությունը պարտավորված է ամեն տարի մոտ 3 տոկոսով կրճատել այդ կորուստը, այսինքն պայմանագրի ավարտին՝ 2032-ին, ջրի կորուստը 80 տոկոսի փոխարեն պետք է լինի մոտ 50 տոկոս։

«Ընդհանուր առմամբ ամբողջ 15 տարիների ընթացքում այդ կատարողական ցուցանիշի բարելավումը նախատեսված է մոտ 30 տոկոսի չափով, յուրաքանչյուր տարվա համար որոշակի արժեքային ցուցանիշներ են նախատեսված, որի չկատարման դիմաց նախատեսում են տուգանքներ», - ասաց նա:

Պաշտոնյան հիշեցնում է՝ խմելու ջրի կորուստները կտրուկ կրճատելու համար ենթակառուցվածքներում մեծ ներդրումներ պետք է անի նաև կառավարությունը, իսկ փորձագետները հակադարձում են, որ սկզբնական հաշվարկում 80 տոկոսի կորուստը ընկերությունը իր շահերից ելնելով չափազանցրել է։

Սպառողները պատմում են՝ «Վեոլիա ջուրը» չի էլ փորձում անգամ կանխել ջրի կորուստը կամ գողությունը

Սպառողներն իրենց հերթին պատմում են սեփական փորձի մասին՝ հայտնաբերում են կորուստ, հայտնում են «Վեոլիա ջրին», վերջինս չի էլ փորձում անգամ կանխել ջրի կորուստը կամ գողությունը։

«Եկա, որ տեսնեմ ստեղ ինչ է, տեսնեմ խողովակներ են փռված, սկսեցի տեսնել խողովակը որտեղից է գալիս այդ ջուրը, եկա հայտնաբերեցի այս խոռոչը, որ առանց ջրաչափի, առանց բանի ջուր է միացված, հետո գնացի, տեսա խողովակները որտեղից են դուրս գալիս», - ասաց Կիևյան փողոցի բնակիչը:

Երևանի Կիևյան փողոցի բնակիչ Վայլա Շտոյանը հայտնաբերել է, որ շենքի նկուղից դուրս եկող խողովակը, ներկված պատշգամբի ճաղերի նույն գույնով ու լավ պատսպարված, հասնում է բակի պուրակ ու անխնա օգտագործվում թփերն ու ծառերը ջրելու համար։ Ասում է՝ ջրի գողության մասին չէր բարձրաձայնի հանուն կանաչ տարածքի, եթե ջրի կորուստներն չազդեին երկրում սակագնի գոյացման վրա։

«Ես անձամբ գնացել եմ «Վեոլիա ջուր» Երազ գործարանի մոտ, իրենց գրասենյակ, նկարներով ու ասել եմ, որ խմելու ջուրն օգտագործվում է որպես ոռոգման ջուր, ուրախացած, որ, վայ, գող են բռնել, բայց էդ գող բռնելուց հետո երկու տարի անցել է, որևէ մեկը չի եկել, որևէ քայլ չի ձեռնարկվել, նույնիսկ այս տարվա այդ ցուրտ եղանակին ունեմ նկար, որ ջուրը հոսում է ներքև պատով, պատն էլ հետն է վնասում ու խմելու ջուրը գնում է, ու «Վեոլիա ջուրն» ասում է, որ ջրի կորուստ է», - ներկայացրեց Շտոյանը:

«Վոլիա» ջուրը այդպես էլ չի կապվել Վայլա Շտոյանի հետ ու վերացրել ջրի կորստի աղբյուրը. «Երբ որ գալիս ես տեղեկացնում, տեղն ասում հասցեով, ամեն ինչով, եթե քայլեր չենք ձեռնարկում, ուրեմն միտումնավոր է այս ամեն ինչը արվում, որ նաև գին բարձրացնեն»:

«Վեոլիա ջուր» ընկերությունն անպատասխան է թողել նաև «Ազատության» հարցումները ջրի կորուստի ու սակագնի գոյացման մանրամասների մասին։

XS
SM
MD
LG