Մատչելիության հղումներ

Պուտինը և Լուկաշենկոն ստորագրեցին Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, 9-ը սեպտեմբերի, 2021թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, 9-ը սեպտեմբերի, 2021թ․

Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն խորհրդի առցանց նիստի ընթացքում ստորագրեցին Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը:

«Միութենական պետությունը մեզ համար առաջնահերթությունների առաջնահերթությունն է», - հայտարարեց Բելառուսի նախագահը։

Այս փաստաթուղթը ներառում է տնտեսական ինտեգրմանը վերաբերող 28 միութենական ծրագրեր, այդ թվում՝ նավթի և գազի միասնական շուկա։ Բացի այդ, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները հաստատել են համատեղ ռազմական դոկտրինը։ Ընդ որում, փաստաթուղթը ստորագրվեց Ռուսաստանի պետական տոնի՝ Ժողովրդական միասնության օրը։ Պուտինն էլ ստորագրման ժամանակ գտնվում էր Սևաստոպոլում։ Իսկ Լուկաշենկոն էլ բողոքեց Պուտինին, որ իրենց հետը Ղրիմ չի տարել։

Ռուսաստանի նախագահն իր ելույթում հայտարարեց, որ Մոսկվան և Մինսկը «մտադիր են համատեղ դիմակայել ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձերի», ինչպես նաև Մոսկվան «կշարունակի օգնություն ցուցաբերել եղբայրական բելառուսցի ժողովրդին»:

Ինտեգրման խորացման շուրջ բանակցությունները եզրափակիչ փուլ են մտել, երբ Լուկաշենկոյին անցած տարի ամռանը և աշնանը Կրեմլի ակտիվ աջակցությամբ հաջողվել էր ճնշել իր իշխանության դեմ զանգվածային ելույթները նախագահական ընտրություններից հետո:

Բելառուսական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ Լուկաշենկոն կարող է հանուն Մոսկվայի աջակցության հրաժարվել Բելառուսի ինքնիշխանությունից։ Ինքը Լուկաշենկոն պարբերաբար իրարամերժ հայտարարություններ է անում այս թեմայով՝ մեկ ասում է , որ ինքն է Բելառուսի ինքնիշխանության միակ երաշխավորը, մեկ էլ ասում է, թե Մինսկը պատրաստ է Մոսկվայի հետ ցանկացած ինտեգրման։

Պետք է շեշտել, սակայն, որ երեկ ստորագրված Միութենական ծրագրերում չեն ընդգրկվել քաղաքական ինտեգրման հետ կապված նախաձեռնությունները, մասնավորապես՝ իշխանության վերազգային միութենական կառույցների ստեղծումը և միասնական արժույթը։ Այսինքն՝ դե յուրե գոնե Բելառուսը պահպանում է իր ինքնիշխանությունը։

Միութենական պետության գաղափարը ռուսական քաղաքական օրակարգում նորից հայտնվեց 2018 թվականին նախագահական ընտրություններից հետո, երբ Պուտինը չորրորդ անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում։ Լուկաշենկոն, սակայն, ակտիվորեն ընդդիմանում էր ընդհուպ մինչև անցած տարվա ամառ, երբ նախագահական ընտրություններից հետո Բելառուսում բողոքի հսկայական ալիք էր բարձրացել նրա դեմ, և նա կարողացավ իշխանությունը պահպանել միայն Ռուսաստանի աջակցության շնորհիվ։

XS
SM
MD
LG