Մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության, Ֆրանչեսկա Կուտրուպը, հանդիսանալով օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն, 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ հասարակական կազմակերպության նախագահի, փոխնախագահի և հասարակական կազմակերպության նախագահության անդամ, ՍՊ ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարք կատարելու եղանակով թաքցրել և խեղաթյուրել է հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելությունը: Այնուհետև տիրապետել և տնօրինել է նշված առանձնապես խոշոր չափերի գույքը՝ դրա նկատմամբ իրավունքները վաճառելով և գրանցելով մի շարք անձանց և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված վերոնշյալ ընկերության անվամբ։
Կուտրուպիին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (փողերի լվացում) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում: