Երևանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի գործով նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Աբովյան փողոցի սկզբնամասում՝ Հանրապետության հրապարակից ոչ հեռու գտնվող այս շենքում գործում է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության» կազմակերպությունը։ Քննչական կոմիտեում քննվող գործն էլ վերաբերում է շենքի հողատարածքի օտարմանն ու սեփականաշնորհմանը։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր, որ հասարակական կազմակերպության նախագահության անդամ Գոռ Դավթյանը, ինչպես նաև նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և առաջին փոխնախագահ, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, գույքի ծագման աղբյուրն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, կատարել են ձևական օտարման գործարքներ և ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը, որի տնօրենն է հանդիսացել Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին: Նա իր հերթին 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսը վաճառել է Արմեն Սմբատյանի ընկեր Սարգիս Մարտիրոսյանին և Գոռ Դավթյանի մորը:
Քրեական գործով մեղադրյալներ Արմեն Սմբատյանի և Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ: Իսկ մյուս մեղադրյալ Հասմիկ Պողոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է, վերջինիս նկատմամբ դեռ 2020-ի դեկտեմբերից հայտարարվել է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: