Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր այցելում է Ուկրաինա։ Նա բանակցելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Առանձնազրույցից բացի, նախագահները գլխավորելու են երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը, որին մասնակցելու են թուրք և ուկրաինացի նախարարներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախատեսված է նաև Զելենսկու և Էրդողանի մամուլի համատեղ ասուլիսը։
Ակնկալվում է, որ Էրդողան-Զելենսկի բանակցությունների առանցքային հարցը լինելու է ռուս-ուկրաինական լարվածության քննարկումը։ Էրդողանը մի քանի առիթով ասել է, որ պատրաստ է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև լարվածությունը թուլացանելու համար։ Ռուսաստանն ավելի քան 100-հազարանոց զորք է կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ, ինչը Ուկրաինա ներխուժելու մտավախություն է առաջացրել։
Փետրվարի 1-ին սևծովյան Տրապիզոն քաղաքում երիտասարդների հետ հանդիպմանը Էրդողանն ասել է, թե «Թուրքիան երբեք չի ցանկանա պատերազմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, որը տարածաշրջանի համար լավ զարգացում չի լինի»։
Էրդողանի այցի նախօրեին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ու Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը։
Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ նրանք ընդգծել են կողմերի ընդհանուր հանձնառությունը՝ ինչպես շարունակվող դիվանագիտության, այնպես էլ համատեղ ջանքերով զսպել Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ հարաբերությունները նորմալացնելու Թուրքիայի և Հայաստանի ջանքերը։
Կիևում Էրդողանի այցի շրջանակում նախատեսված է նաև փոխըմբռնման հուշագրի, համագործակցության պայմանագրերի ստորագրում։ Մասնավորապես՝ երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվելու։ Այդ մասին երեկ հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը։ «Առևտուրը շատ կարևոր է Ուկրաինայի հետ մեր հարաբերություններում։ 2021 թվականին դրա ծավալը կազմել է 7,4 միլիարդ դոլար՝ աճելով 59 տոկոսով», - նշել է նա։
Թուրքիան Ուկրաինայի անկախությունը ճանաչել է 1991-ի դեկտեմբերին, հաջորդ տարվա փետրվարին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։
2014-ին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան չի ճանաչի Ռուսաստանին միանալու՝ Ղրիմում անցկացված հանրաքվեն, քանի որ այն հակասում է միջազգային նորմերին։
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Ղրիմը որպես Ռուսաստանի մաս չի ճանաչում։
Անկարայում 2015-ին անցկացված Ղրիմի թաթարների կոնգրեսում Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան երբեք չի ճանաչի թերակղզու բռնազավթումը։