Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը առաջիկա հինգշաբթի խաղաղության ուղերձով կմեկնի Ուկրաինա


Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հրավիրում է Թուրքիա և պատրաստ է հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը:

Մոսկվայի և Կիևի հետ լավ հարաբերություններ ունեցող Անկարան պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի երկու երկրների լարվածությունը չհասցնի թեժ բախումների:

Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հրավիրում է Թուրքիա և պատրաստ է հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը:

«Ռոյթեր» գործակալությունը, հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, գրում է, թե նախագահ Էրդողանը Զելենսկու հետ քննարկելու է ռուս-ուկրաինական ճգնաժամը՝ ձգտելով թուլացնել կողմերի միջև լարվածությունը: «Էրդողանը Զելինսկուն տարածաշրջանային խաղաղությունը պահպանելու և լարվածությունը հակամարտության չվերածելու ուղերձ է տանելու», -ասել է «Ռոյթերի» աղբյուրը:

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, խոսելով ռուս-ուկրաինական հակասությունների մասին՝ ընդգծել էր, որ Թուրքիան տարածաշրջանում խաղաղության կողմնակից է և ուզում է, որպեսզի Մոսկվայի և Կիևի միջև լարվածությունը թուլանա առանց նոր ճգնաժամի վերածվելու. - «Կրկին պատրաստակամություն եմ հայտնում աջակցել կողմերին: Նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հայտնել եմ սրա մասին և շարունակելու եմ փոխանցել այս ուղերձները: Քանի որ մենք խաղաղություն ու կայունություն ենք ուզում մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ երկու երկրներն էլ գիտեն Թուրքիայի անկեղծության ու բարյացակամության մասին: Եթե երկու առաջնորդներն էլ ցանկանան, կարող են հանդիպում կազմակերպել մեր երկրում և բացել խաղաղության մթնոլորտի վերականգնմանը տանող ճանապարհը»:

Ուկրաինա այցից հետո Թուրքիայի նախագահը մտադիր է հանդիպել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ընդունել է Անկարա այցելելու Էրդողանը հրավերը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը կարող է Թուրքիա այցելել՝ փետրվարի 4-20-ը կայանալիք Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերից հետո: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ Ռուսաստանի ղեկավարը համաձայն է մեկնել Թուրքիա, սակայն այցի ժամկետը կախված կլինի երկու նախագահների աշխատանքային ժամանակացույցից և համաճարակաբանական իրավիճակից:

Փետրվարի 3-ին Կիևում Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Զելենսկին միասին նախագահելու են Թուրքիա-Ուկրաինա ռազմավարական բարձ մակարդակի խորհրդի 10-րդ նիստը, որը երկու երկրների հարաբերություններում հիմնարար նշանակություն ունի: Նիստի օրակարգային հարցերից են լինելու Թուրքիայի և Ուկրաինայի համագործակցությունը ռազմաարդյունաբերական ոլորտում, մասնավորապես «Բայրաքթար» անօդաչուների խնդիրը: Թուրքիան Ուկրաինային էր վաճառել թուրքական արտադրության անօդաչու սարքերը՝ հարուցելով Մոսկվայի դժգոհությունը:

Ի դեպ, Էրդողանի այցը Կիև համընկնում է Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարեթվի հետ:

XS
SM
MD
LG