Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է փետրվարի 3-ին մեկնել Կիև: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը:
Այցի առիթը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է:
Էրդողանն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ընթացքում քննարկելու է նաև ուկրաինա-ռուսական լարվածության թուլացման հնարավորությունը:
Թուրքիայի նախագահը մտադիր է դրանից հետո հանդիպել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ընդունել է Անկարա այցելելու Էրդողանը հրավերը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել է, որ Պուտինը կարող է Թուրքիա այցելել՝ Պեկինում Ձմեռային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը ներկա լինելուց հետո:
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը համաձայն է մեկնել Թուրքիա, սակայն այցի ժամկետը կախված կլինի երկու նախագահների աշխատանքային ժամանակացույցից և համաճարակաբանական իրավիճակից:
Էրդողանը վերջին ժամանակաշրջանում մի քանի առիթներով ասել է, որ պատրաստ է միջնորդել Մոսկվայի և Կիևի միջև ստեղծված վտանգավոր լարվածությունը թուլացնելու գործում: