Մատչելիության հղումներ

QR կոդերը սքանավորելիս հնարավոր չի լինի ամբողջությամբ տեսնել քաղաքացու անձնական տվյալները


Պատվաստումը հավաստող QR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր չի լինի ամբողջությամբ տեսնել քաղաքացու անձնական տվյալները։ Նշվելու է քաղաքացու անունը, ազգանունը, չեն երևա նախկինում հանձնած ՊՇՌ թեստերը, իսկ անձնագրի և ծննդյան տվյալներից միայն մի քանի նիշ է երևալու, ինչը հնարավորություն կտա խուսափել անձնական տվյալների արտահոսքից։ «Ազատությանը» այս փոփոխությունների մասին տեղեկացրեց QR կոդերի համակարգը մշակած ԱՐՄԵԴ-ի տնօրեն Ավետ Մանուկյանը։

«Որոշում կայացրեցինք փոփոխել փակել այդ տվյալները՝ անձնագրի համարը, ծննդյան թվի մեծ մասը», - նշեց Մանուկյանը։

Հայաստանում հունվարի 22-ից ուժի մեջ են մտել հակահամաճարակային նոր խստացումները. հանրային վայրեր այցելելիս քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Դրանից հետո և' տնտեսվարողները, և' քաղաքացիները մտահոգություններ հայտնեցին։

Երևանյան ռեստորաններից մեկի մենեջեր Արման Բադալյանն ասում է, որ այս ընթացքում իրենց չեն իրազեկել, թե ինչպես է պետք QR կոդերը ստուգել, արդյո՞ք պարտադիր է սքանավորելը։ Իսկ պատվաստման հավաստագրերը սքանավորելիս հաճախորդներից ոմանք դժգոհում են։

Փորձագետներն առաջարկում էին, որ սքանավորելիս երևա այնքան տվյալ, որքան անհրաժեշտ է բուն նպատակին ծառայելու համար

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետները կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո ևս ահազանգեցին, որ QR կոդերը սքանավորելիս անձնական տվյալների արտահոսք է լինում։

«Տեսեք ինչեր է երևում՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, անձնագրի համար... ի՞նչի համար։ Թեստը երբ է արել և այլն։ Չափից դուրս ինֆորմացիա։ Այս ինֆորմացիան հրապարակային URL է, այսինքն՝ այս հասցեն էլ կարելի է տարածել, ուղարկել ցանկացած մեկին, ու ինքն էլ քո մասին այս ամբողջ ինֆորմացիան իմանա», - «Ազատության» հետ զրույցում ասաց մեդիա փորձագետ Արթուր Պապյանը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ, օրինակ, սրճարան մտնելիս այսքան շատ ինֆորմացիա։ Փորձագետներն առաջարկում էին, որ սքանավորելիս երևա այնքան տվյալ, որքան անհրաժեշտ է բուն նպատակին ծառայելու համար։

«Ուղղակի ԱՐՄԵԴ-ը պիտի գոնե QR կոդ սքանավորելիս քչացնի այն տվյալների քանակը, որոնք առանց որևէ գաղտնաբառի հասանելի են։ Իսկ մասնագիտացված կառույցի, բուժհիմնարկության համար ինչ-որ ենթաբաժին ստեղծի, որտեղ այդ ամբողջ ինֆորմացիան, եթե անհրաժեշտ է, լիարժեք երևա։ Բայց ոչ ամեն սրճարանի կամ հյուրանոցի կամ մարզասրահի աշխատակից իմ մասին ամեն ինչ իմանա», - ասաց Պապյանը։

ԱՐՄԵԴ-ը ստեղծում է նախարարության պահանջներին համապատասխան համակարգ։ Տնօրենի խոսքով, այս բոլոր մտահոգությունները հաշվի առնելով, երեկ ուշ երեկոյան Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո որոշել են փակել որոշ տվյալներ. - «Չնայած ես խորհուրդ չեմ տալիս տալ սքանավորման։ Այսինքն՝ մտնում եք սրճարան, դուք ցույց տվեցիք ԱՐՄԵԴ-ի ափլիքեյշնը, որտեղ համ ձեր նկարը կա, համ կանաչ կոդը կա։ Եթե այդ երկուսը բավարար չէ, ինչ-որ մեկը կասկածում է, թե ափլիքեյշնը կեղծ կամ ֆոտոշոփ արած նկար ա, այդ դեպքում կարող են սքանավորել, և արդեն կբացի սերտիֆիկատ, որտեղ փակված անձնական տվյալներ կլինեն»։

Իսկ պատվաստման հավաստագրի թղթային տարբերակի դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս քաղաքացիներին թույլ չտալ լուսանկարել այն, կարելի է միայն սկանավորել. - «Թուղթը մի թողեք լուսանկարեն, բայց եթե լինքով գնան արդեն անձնական էջ, էնտեղ արդեն չկա անձնական տվյալ, չեն կարող քոփի անել»։

Անձնական տվյալների պաշտպանության խնդիրը լուծվեց նոր կանոնների կիրառումից հինգ օր անց միայն։ Այսօրվանից հանրային վայրեր այցելելիս ԱՐՄԵԴ հավելվածից QR կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է քաղաքացու մուտքը թույլատրելու համար։ Այն սքանավորելու կարիք չկա, իսկ սքանավորելու դեպքում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն:

XS
SM
MD
LG