Մատչելիության հղումներ

Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների մեկնարկի մասին


Դեռևս նախորդ տարի նախ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, թե կա [հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման] պրոցես և հայկական կողմը խոսել է ռուսական կողմի հետ՝ հնարավոր գործընթաց սկսելու վերաբերյալ, ինչը հետագայում նաև հաստատեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց խորհրդարանի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատարասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին։

Ագնեսա Խամոյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե ի վերջո որտե՞ղ է ձեռք բերվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ ունենալու պայմանավորվածությունը։

Ռուբինյանը պարզաբանեց՝ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարութունների հայտարարություններից հետո թուրքական կողմը հայտարարեց հատուկ ներկայացուցչի նշանակման մասին, Հայաստանն էլ ողջունեց ու հայտարարեց, որ նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի, ավելի ուշ թուրքական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին, հայկական կողմն՝ իր։

«էդպես է ձեռք բերվել պայմանավորվածությունը», - ասաց Ռուբինյանը, ով նաև երկկողմ բանակցություններում հայկական կողմի հատուկ ներկայացուցիչն է։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Շուրջ երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները բառացի միևնույն տեքստը տարածեցին՝ հայտարարելով, թե համաձայնել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Հայկական կողմը նաև առանձին հայտարարությամբ ընդգծեց, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։

Հարցին, թե ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը, Ռուբինյանը պատասխանեց՝ կառուցողական մթնոլորտ ասելով նկատի ունեն կառուցողական մթնոլորտ։

Խամոյանը Ռուբինյանին մեղադրեց հայ-թուրքական հարաբերությունների պրոցեսը Թուրքիայի հատուկ ներկայացուցչից ճշտելու մեջ։ «Նիկոլ Փաշինյանը բանակցային պրոցեսի նրբությունները Իլհամ Ալիևից էր ճշտում, հիմա ինձ մոտ տպավորություն է, որ, հետևելով էդ օրինակին, Ռուբեն Ռուբինյանն էլ Քըլըչից է սկսել ճշտել հայ-թուրքական հարաբերությունների պրոցեսը», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Ճիշտ լսեցի՞, որ էս դահլիճում ինչ-որ մեկն ինձ մեղադրեց թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ՝ արձագանքեց Ռուբինյանը, դիմեց Խամոյանին․ - «Հիմա ուշադիր լսեք ինձ, տիկին Խամոյան և ձեր ամբողջ խմբակցությունը՝ էստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է ուղիղ կանգնի իմ դիմաց ու ասի, որ ես ազդեցության գործակալ եմ, էդպիսի մարդ չկա ու չի կարող լինել, ինչո՞ւ, որովհետև դա իրապես անհիմն պնդում է, և երկրորդը՝ որովհետև ես, ի պատասխան դրա, կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը, բարությունը և ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ։ Ու սրանից հետո իմ հետ դու ով չխոսաս»։

ԱԺ փոխնախագահը դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ «կարգի բերեք ձեր խմբակցության անդամներին»։

XS
SM
MD
LG