Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը


Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Նա նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունների և պայմանավորվածությունների իրականացումն այլընտրանք չունի։

«Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա դեպի խաղաղություն և կայունություն։ Այս նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը և պետությունների միջև համագործակցության միջավայրի ձևավորումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք Թուրքիայի նախաձեռնած թուրք-հայկական շփումների սկիզբը»,- ասել է նա` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների:

Փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը։

Հունվարի 14-ին Մոսկվայում հայ և թուրք բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը պաշտոնական Երևանը և Անկարան դրական ու կառուցողական են որակել:

Շուրջ մեկ ու կես ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները նույն հայտարարությունն էին հրապարակել, որտեղ մասնավորապես ասված էր. «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»:

XS
SM
MD
LG