Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը դրական է արձագանքում հայ-թուրքական երկխոսությանը


Միջազգային հանրությունը դրական է արձագանքում երեկ Մոսկվայում մեկնարկած հայ-թուրքական նոր երկխոսությանը:

ԵՄ-ը քաջալերում է Հայաստանին և Թուրքիային շարունակել ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նախօրեին հայտարարել է կառույցի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն։

«Եվրամիությունը ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը», - նշել է խոսնակը:

Պիտեր Ստանոն, ընդգծել է, որ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը կարևոր քայլ էր. - «Եվրամիությունը խրախուսում է Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության, հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»:

Պաշտոնական հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի այդ երկու երկրների հետ Եվրամիության հարաբերություններում։

«2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնց նպատակն է հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին», - հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն։

ՆԱՏՕ-ն էլ է ողջունել Երևանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզը Թվիթերում գրել է. «ՆԱՏՕ-ն սատարում է հարաբերությունների կարգավորումը, ինչը կարող է օգնել տարածաշրջանում կայունության հաստատմանը և մենք քաջալերում ենք Անկարային ու Երևանին շարունակել ջանքերը այս ուղղությամբ»:

Թուրքական մամուլը ևս դրական լույսի ներքո է գրում հայ-թուրքական կարգավորման նոր գործընթացի մասին

Թուրքական մամուլը ևս դրական լույսի ներքո է գրում 2009-ից փակուղում հայտնված հայ-թուրքական կարգավորման նոր գործընթացի մասին: Իշխանամետ «Յենիշաֆաք», «Սաբահ», «Միլիյեթ», «Յենիչաղ» պարբերականների գլխագրերը արձանագրում են՝ 13 տարի անց սա Անկարայի ու Երևանի առաջին հանդիպումն է:

Թուրքական պարբերականներն ընդգծում են՝ կողմերը պայմանավորվել են առանց նախապայմանների երկխոսել:

Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը BBC-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական բանակցային նոր գործընթացի հեռանկարի մասին, նշել է, որ ի տարբերություն կարգավորման նախորդ փորձերի, այս անգամ Թուրքիան ունի դաշնակից Ադրբեջանի համաձայնությունը: Նրա խոսքով, սահմանների բացումից ավելի շատ կշահի հայկական տնտեսությունը, քանի որ Հայաստանը ելք կունենա դեպի Սև ծով ու Եվրոպա: Թուրքական շուկան այդ ազդեցությունը շատ չի զգա, բայց Թուրքիան էլ կստանա ուղիղ կապ Ադրբեջանի հետ: Կա նաև Ռուսաստանի շահերի գործոնը՝ սահմանների բացմամբ Ռուսաստանն ու Թուրքիան էլ սովետական շրջանից հետո առաջին անգամ ինչ-որ իմաստով ուղիղ կապ կունենան:

Երեկ Մոսկվայում հայ և թուրք բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը պաշտոնական Երևանը և Անկարան դրական ու կառուցողական են որակել:

Շուրջ մեկ ու կես ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները նույն հայտարարությունն էին հրապարակել, որտեղ մասնավորապես ասված էր. «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների», - ասված է կողմերի հայտարարություններում։

Նշվում է նաև, որ հայ և թուրք հատուկ բանագնացների միջև երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվեն «պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։

Ի դեպ, համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին Մոսկվայում ուղեկցել են Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը:

XS
SM
MD
LG