Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկում է․ Մոսկվայում այսօր առաջին անգամ հանդիպում են հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակություններն առավոտյան ժամանել են Մոսկվա, բանակցություններն արդեն մեկնարկել են։
Ռուբինյանի ու Քըլըչի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների առանձնատանը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 11-ին։ Թե ովքեր են պատվիրակությունների կազմում՝ դեռ չի հաղորդվել, բանակցություններն անցնում են փակ ռեժիմով։
Հանդիպման օրակարգի մասին ևս կողմերը դեռ մանրամասներ չեն հայտնել։
Հայաստանն ակնկալում է, որ երկխոսության արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, կբացվի հայ-թուրքական սահմանը, հանդիպմանն ընդառաջ երեկ հայտարարել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, որ 90-ականներին մասնակցել է Թուրքիայի հետ բանակցային գործընթացին, ասում է՝ ամենակարևորն այն է, որ բանակցություններն ընթանան առանց նախապայմանների։
«Դա նշանակում է, որ պետք է Թուրքիան Հայաստանին վերաբերվի և ընկալի Հայաստանը որպես իրեն հավասար պետություն, այլ ոչ թե ճնշումներ իրականացնի Հայաստանի վրա», - ասաց թուրքագետը։
Հայաստանը պատրաստ է սկսել բանակցություններն առանց նախապայմանների
Հայկական կողմը հստակ հայտարարել է, որ բանակցությունները պատրաստ է սկսել առանց նախապայմանների։ Թուրքիան նախապայմանների մասին բանակցության մեկնարկից առաջ հստակ չի հայտարարել, բայց մինչ բանագնացներ նշանակելու փուլը, նախապայման առաջ քաշում էր, օրինակ, պահանջում բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։
Արտաքին գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը երեկ նաև ասել է, թե հայկական կողմի տպավորությամբ, Թուրքիայի կառավարությունը համաձայն է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցմանը։
Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնավորապես հայտարարել է․ - «Հայաստանի հետ կարգավորման գործընթաց ենք սկսել: Որպեսզի ձեռնարկվող քայլերը արդյունք տան, Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը և այս առումով կարևոր է, որ Հայաստանը դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ»։
Հայաստանյան փորձագետների կանխատեսումներով՝ թուրքական կողմը կփորձի նախապայմաններից խոսել բանակցության ընթացքում։
«Կան այնպիսի խնդիրներ, որոնք մեզ համար՝ հայերիս համար ինքնության հետ կապված խնդիրներ են։ Պետք է ամեն ինչ անել, որ Ցեղասպանության հետ կապված, Կարսի պայմանագրի հետ կապված, Արցախի Հանրապետության հետ կապված, զիջումներ չլինեն այդ խնդիրների շուրջ», - ասաց Սաֆրաստյանը։
Սա շուրջ երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարևանների հարաբերությունների կարգավորման 4-րդ փորձն է։ Նախկին բոլոր նախագահների օրոք գործընթացը բանակցություններից այն կողմ չի անցել, տապալվել է։
Վերջին անգամ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքկան արձանագրությունները, բայց կյանքի չկոչվեցին։ Նախկինում էլ հայկական կողմը առանց նախապայմանների է սկսել երկխոսությունը, իսկ Թուրքիան՝ նախապայմաններ է առաջ քաշել, մեկն էլ Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձն էր Ադրբեջանին։
4-րդ անգամ կողմերը փորձում են երկխոսել 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանը պարտված է, թույլ դիրքերում է, Ադրբեջանը պահանջած տարածքներից ավելին է ստացել։ Արդյո՞ք այս կարգավիճակում Հայաստանին կհաջողվի դիմադրել, չզիջել։ «Բանակցությունները, դրանք պայքարի մի ձև են։ Ամեն մի կողմն իր մոտեցումները պետք է կարողանա առաջինը հիմնավորել, երկրորդը՝ շատ հաստատակամ լինի իր մոտեցումներում», - նշեց թուրքագետը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում վերսկվում են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ թռիչքները։ Հայաստանը հունվարի 1-ից վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը, որը կառավարությունը սահմանել էր 44-օրյա պատերազմից հետո՝ Բաքվին Անկարայի անթաքույց աջակցությունից հետո։ Էմբարգոն գործեց ուղիղ մեկ տարի։