Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման աջակից է, բայց դժվար է Փաշինյանից դրական արդյունք ակնկալելը, պնդում է Զուրաբյանը


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) միշտ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման աջակից, որովհետև Հայաստանի անվտանգության և զարգացման հիմնարար երաշխիքներից մեկն է համարել բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական համագործակցային հարաբերությունների ստեղծումը։ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ այդ մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հավելելով․ - «Փաշինյանի կառավարության ջանքերը այդ ուղղությամբ, սակայն, շատ հակասական վերաբերմունքի են արժանի»։

«Մի կողմից, իհարկե, լավ է, որ վերջապես իրագործվում է այն, ինչի մասին միշտ խոսել ենք՝ որ Թուրքիայի հետ անհրաժեշտ է խոսել, բանակցել՝ անկախ նրանից, թե ինչքան կոնֆլիկտային են մեր հարաբերությունները, ընդ որում՝ խոսել ուղիղ, հատուկ լիազորված ներկայացուցիչների միջոցով։ Մյուս կողմից՝ շատ լավ տեսնելով, թե Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը ինչքան անընդունակ և ձախողակ են միջազգային քաղաքականությունը վերլուծելու, աշխարհաքաղաքական իրողությունները հասկանալու, արտաքին քաղաքական իրատեսական նպատակներ ձևակերպելու և որոշված ուղղությամբ հետևողական դիվանագիտական աշխատանքներ իրականացնելու հարցում, շատ դժվար է նրանց աշխատանքից դրական արդյունքներ ակնկալելը»։

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց «ԵԱՀԿ Մինսկի խմբում նրանց վարած բանակցությունները, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ չվարած բանակցությունները, որոնց խայտառակ ձախողումը Հայաստանի կողմից բերեց նրան, որ մենք բաց թողեցինք մեր ձեռքում ամբողջ Ղարաբաղը՝ Լաչինով ու Քելբաջարով հանդերձ, դե ֆակտո անկախ պահելու հնարավորությունը, և ունեցանք մարդկային կյանքի և ազգային արժանապատվության աղետալի կորուստներ», «միջազգային քաղաքականության մեջ որևէ նշանակություն չունեցող, բայց Թուրքիայի էմոցիոնալ հակադարձը առաջացնող Սևրի մեռելածին այդ պայմանագրի հիշատակումը»։ Այդ ամենը, ըստ Զուրաբյանի, ցույց է տալիս, որ «մեր այսօրվա իշխանությունները իրական քաղաքականությունից բան չեն հասկանում և անգամ հեռավոր պատկերացում չունեն իրենց նմանատիպ դիրքորոշումների ծանր քաղաքական հետևանքների մասին»։

«Իհարկե, ասում են, որ Փաշինյանի և Ռուբինյանի շուրջ լուրջ թիմ կստեղծվի, որը կցուցաբերի ավելի պրոֆեսիոնալ մոտեցումներ, բայց հավատացեք, որ եթե հիմա անգամ գերեզմանից հանեն Շառլ-Մորիս Թալեյրանին, որը ժամանակին ծառայել է և՛ Նապոլեոնին, և՛ Բուրբոններին, և համարվում է դիվանագիտական հմտության և խորամանկության խորհրդանիշը, և նրան դնեն Ռուբինյանին օգնական, միևնույն է, դրանից բան չի փոխվելու։ Ի վերջո, ամեն ինչ կախված է բարձրագույն ղեկավարի, տվյալ դեպքում՝ Փաշինյանի կարողությունից՝ ճիշտ և իրատեսական գնահատելու ներկայացված առաջարկությունները և վերջնական որոշում ընդունելու այն հարցերի շուրջ, որոնք ճակատագրական նշանակություն են ունենալու Հայաստանի համար», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը՝ պնդելով, որ «մինչ այսօր մենք տեսել ենք միայն հակառակն ապացուցող փաստեր»։ «Ավելին՝ նկատվում է, որ նախապատերազմական անհամարժեք հոխորտանքն ու անզիջողականությունը պատերազմի պարտությունից հետո փոխարինվել է նույնքան անհամարժեք պատրաստակամությամբ՝ ամեն ինչ զիջելու Ադրբեջանի կամ Թուրքիայի ճնշման ներքո», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը։


Անցած տարի ազդարարվեց հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի մեկնարկը, երկու կողմերը հայտարարեցին հատուկ բանագնացներ նշանակելու մասին՝ թուրքական կողմից՝ փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, Հայաստանի կողմից՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG