Կոշիկ արտադրող հայկական ընկերություններից մեկի հիմնադիր Աբգար Սարգսյանի համար թուրքական ապրանքների էմբարգոն վերացնելու կառավարության որոշումը տհաճ անակնկալ էր։ Բիզնես ծրագիրը մշակված էր, կառավարության ազդակները հուսադրող էին, տեղական արտադրողը հազիվ շուկայում դիրքավորվում էր:
«Գոնե 5 տարի շարունակվեր, սա լավ շունչ կլիներ սկսնակների, փոքր բիզնեսի համար», - ասաց Սարգսյանը՝ նշելով, - «մի քիչ ազնիվ չի սկսնակների համար»:
Կառավարությունը դեկտեմբերի 30-ին վերացրեց թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։
Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Բաքվին Անկարայի անթաքույց աջակցությունից հետո սահմանված այս արգելքը Հայաստանի իշխանությունները ուղիղ մեկ տարի կիրառեցին։ Նախքան այս արգելքը դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի ու Թուրքիայի առևտրաշրջանառությունը տարեկան հասնում էր 267 միլիոն դոլարի։
Թուրքական ապրանքների էմբարգոյի վերացումը տհաճ անակնկալ էր հայ արտադրողների համար
Էմբարգոն հանելու որոշումը հանկարծակիի բերեց տեղական արտադրողներից շատերին, քանի որ դրանցից երկու շաբաթ առաջ Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել էր, որ այն երկարաձգելու նախագիծ է մշակում։ Տեղական արտադրողներից շատերն «Ազատության» հետ զրույցներում նկատում էին՝ այս արգելքն ավելի շատ ձևական բնույթ ուներ:
«Էմբարգոն ընդունեցին, մենք արդեն սկսեցինք մի փոքր ուրիշ ձև պլանավորել: Այն գաղափարը, որ նոր ինվեստորներ պետք է ունենայինք Հայաստանում, ցավոք, լուրջ չընդունեցին այդ մարդիկ, որ վեց ամիս հետո պետք է էմբարգոն դուրս գա: Այսինքն՝ նոր ինվեստորները գալու էին՝ նոր հայկական արտադրանքներ, նոր ապրանքատեսակներ ստեղծելու», - ասաց Աբգար Սարգսյանը:
Հայկական կոշիկ արտադրող ընկերությունն, այդուհանդերձ, արդեն 2 տարվա կյանք ուներ նախքան էմբարգոն և այս մեկ տարվա ընթացքում եկամուտների մոտ 20 տոկոս աճ է ունեցել, հիմա պետք է նոր ծրագիր մշակի՝ անհամեմատ մեծ շուկայի մրցակցությանը դիմանալու համար։ Ամենաբարդ իրավիճակում, սակայն, այն տնտեսվարողներ են, որոնք արձագանքեցին մեկ տարի առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կոչին՝ զբաղեցնել դատարկ դարակները:
«Ազատվելու է մոտավորապես 200 միլիոն դոլարանոց շուկա Հայաստանում: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին, բիզնեսմեններին, վերցնել այդ ցուցակը, տեսնել, թե ինչ հնարավորություններ կան, և այնպես անել, որ հունվարի 1-ից թուրքական ապրանքների փոխարեն մեր խանութների դարակներին հայտնվեն հայկական նմանատիպ ապրանքները», - նշել էր Քերոբյանը:
Այս կոչից մոտ տասն ամիս անց Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ այս ընթացքում հիմնվել են տեքստիլի, կոշիկի, կահույքի, շինանյութերի, լվացող մաքրող միջոցների տեղական արտադրություններ, բացվել են ներկերի և սոսնձի արտադրություններ:
«Էմբարգոն բավականին օգտակար էր, բայց մեկ տարի ժամկետը շատ քիչ ժամանակահատված է, որպեսզի կարողանանք զգալ տնտեսական էֆեկտը», - նշեց Ազատ Աղաջանյանը, ով հենց տեղական սոսնձի արտադրություն հիմնադիրն է։
Աղաջանյանը բացատրում է՝ նորաստեղծ բիզնեսին միայն 8-9 ամիս է պետք գաղափարը գեներացնելու, սարքավորումները ձեռք բերելու, տեղադրելու, աշխատեցնելու համար. - «Ցանկացած բիզնեսի համար ամենակարաևորը խաղի հստակ կանոնները իմանալն է: Մեր արտադրողների մոտ խնդիր առաջացավ, որ վերջին պահին իմացանք, որ թուրքական ապրանքների արգելքը ելնում էր: Անձամբ մենք պատրաստ էինք, որ մի օր գալու է, որ թուրքական ապրանքների արգելքը դուրս գա, բայց դա պետք է լիներ մի քանի ամիս շուտ տեղյակ պահելով բիզնեսմենին»:
Գործարարների և պետության միջև կամուրջ հանդիսացող Առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանն էլ ասաց. - «Ակնկալում էինք, որ պետությունը ավելի լայն դիալոգ կունենա բիզնեսի հետ, բայց այդ դիալոգը, ցավոք սրտի, այդքան ակտիվ տեղի չունեցավ»:
Վլադիմիր Ամիրյանի խոսքով՝ բիզնեսը չհասցրեց անգամ պետությանը ներկայացնել իր դիրքորոշումը, սպասելիքերը, հնարավորություններն ու խնդիրները. - «Տեղական արտադրողները, որոնք հույս ունեին կամ արդեն սկսել էին որոշակի քայլեր կատարել, իհարկե, իրենց համար բացասական հետևանքներ կունենա, միանշանակ»:
Մասնագետը չի տեսել որևէ վերլուծություն, ուսումնասիրություն, որ պետությունն արել է՝ հասկանալու՝ ինչ դրական կամ բացասական հետևանքներ ունեցան այս կարճաժամկետ փոփոխությունները։
Էկոնոմիկայի նախարարությունից այս թեմայով հարցազրույց տալ չեն ցանկանում։ Էմբարգոյի վերացման մասին տեղեկությունը ներկայացնելիս՝ տարեվերջին ոչ միանշանակ բացատրություն էին տվել՝ այն և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունեցավ՝ առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունեն։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում էլ միայն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանեց, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելք սահմանելու շարժառիթը եղել է քաղաքական, հետևաբար, հայ-թուրքական առաջիկա երկխոսության ֆոնին էմբարգոն հանելու շարժառիթը ևս պետք է լինի քաղաքական։
«Պետությունը պետք է երկարաժամկետում առնվազն միջնաժամկետի համար ազդակներ փոխանցի գործարար համայնքին, դա շատ կարևոր է գործարար համայնքի համար, որովհետև ներդրումները չեն կատարվում մեկ տարվա համար և ներդրումները չեն կատարվում մեկ օրվա ընթացքում», - ընդգծեց Ամիրյանը:
Այսօր հայաստանցի արտադրողը ստիպված է հույսը դնել միայն իր վրա, ամփոփում է Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը՝ ընդգծելով՝ տնտեսվարողը պետք է մտածի՝ ինչպե՞ս արտահանել արտադրանքը, ինչպե՞ս դիմանալ մրցակցությանը, ինչը, սակայն, շատ դժվար կլինի, եթե պետությունը չաջակցի նորաստեղծ բիզնեսին:
«Ցանկացած բիզնես պետք է պատրաստ լինի մրցակցության, բայց դրա հետ մեկտեղ պետությունը պետք է իր արտադրողին օգնի տարբեր գործիքներով, որովհետև և՛ տնտեսական, և՛ անվտանգային առումով պետության համար շատ ավելի կարևոր է ունենալ տեղական արտադրություններ, քան ներմուծվող ապրանքներ», - ասաց տեղական սոսնձի արտադրություն հիմնադիր Ազատ Աղաջանյանը:
«Հայկականին պետք է շանս տալ, օգտվել հայկականից», - նշեց կոշիկ արտադրող հայկական ընկերություններից մեկի հիմնադիր Աբգար Սարգսյանը:
«Ի վերջո պետք է հաղթի ազատ մրցակցությունը», - կարմիր թելի պես այս միտքը հնչել է պետական պաշտոնյաների ելույթներում։ Տնտեսվարողները համաձայն են՝ շեշտելով, սակայն՝ սա երկարաժամկետ ծրագիր է, և պետությունը պետք է պաշտպանի իր արտադրողին՝ գոնե խաղի ազնիվ կանոններ սահմանելով, իրարամերժ որոշումներ չընդունելով ու չհիասթափեցնելով։