Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ արձանագրելով՝ «շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին»։
Կառավարության ղեկավարը կրկին շեշտեց երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար ամուր նյարդերի անհրաժեշտությունը։
«Մեր հռչակած մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատ-շատերը մեզ անընդհատ փորձելու են ապացուցել, կամ ցույց տալ, կամ մղել այն մտքի, որ դա հնարավոր չէ, մենք հետևողականորեն շարժվելու են այս ճանապարհով և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր, և սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է առավել ևս 2020 թվականի պատերազմից և 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, մենք այս օրակարգն առաջ ենք մղելու», - եզրափակեց Հայաստանի կառավարության ղեկավարը։