Մատչելիության հղումներ

Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը աջակցություն է հայտնում Տոկաևի՝ բարեփոխումների օրակարգին


Թյուրքալեզու պետությունների գագաթաժողով, արխիվ
Թյուրքալեզու պետությունների գագաթաժողով, արխիվ

Թյուրքական պետությունների կազմակերպությունն աջակցություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի բարեփոխումների օրակարգին և հայտարարել, թե սատարում է իշխանությունների հակաահաբեկչական գործողությունները:

Կազմակերպության անդամ և դիտորդ երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Հունգարիայի արտգործնախարարները այսօր հեռավար ձևաչափով արտակարգ նիստ են անցկացրել՝ քննարկելու Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարարները նիստը սկսել են մեկ րոպե լռությամբ հարգելով Ղազախստանում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների հիշատակը:

Նիստը նախագահող Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել թյուրքական աշխարհի կարևոր պետություններից Ղազախստանում առաջացած լարվածության առնչությամբ, և ուրախալի է համարել, որ այժմ իրավիճակը վերահսկողության տակ է: Չավուշօղլուն ընդգծել է՝ կայունությունն ու խաղաղությունը Ղազախստանում կարևոր է տարածաշրջանի և կազմակերպության, ինչպես նաև համաշխարհային խաղաղության համար:

«Ղազախստանը ճգնաժամը հաղթահարելու համար բավարար կարողություն, փորձ և պետական ավանդույթներ ունի: Մեր պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի տեսլականի համաձայն պետական հզոր միտք է ձևավորվել: Ղազախ ժողովուրդն էլ խնդիրների լուծման համար միասնականության ոգին ցույց տալու ողջամտություն ունի», - ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով ուշադրությամբ հետևում են Ղազախստանի զարգացումներին և պատրաստ են հնարավոր բոլոր միջոցները կենտրոնացնել եղբայրական երկրին աջակցելու համար:

Նույն նիստի ժամանակ խոսել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը հանդես է գալիս Ղազախստանում իրավիճակի կայունացման և օրենքի գերակայության վերականգնման օգտին: Մարդու իրավունքների ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունեցող Ադրբեջանի արտգործնախարարը անընդունելի է համարել բռնությունն ու ուժի անօրինական կիրառումը, որը վտանգում է հասարակական կարգն ու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Նիստից հետո տարածած հայտարարության մեջ կազմակերպությունը աջակցություն է հայտնել Ղազախստանին՝ ընդգծելով այդ երկրում կայունության կարևորությունը տարածաշրջանային խաղաղության համար: Կարևորվել է նաև միջազգային իրավական նորմերի և սկզբունքների պահպանությունը, կազմակերպությունը հայտարարել է, որ սատարում է ղազախական իշխանություններին սահմանադրական կարգը տապալել ցանկացող ահաբեկիչների, ծայրահեղականների և հանցագործների դեմ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցում:

Ի դեպ, մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչ ահաբեկչական կազմակերպությունների և որ պետությունների ազդեցության մասին են խոսում Ղազախստանի իշխանությունները:

Նախօրեին էլ Թյուրքական պետությունների կազմակերպությունը ցավակցական ուղերձ էր հրապարակել Ղազախստանում ընդհարումների ժամանակ զոհվածների և վիրավորների վերաբերյալ, իսկ Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում գտնվող կազմակերպության գրասենյակի դիմաց կիսով չափ իջեցվել էին կառույցի անդամ և դիտորդ երկրների պետական դրոշները՝ Ղազախստանում հայտարարված եռօրյա սգի կապակցությամբ:

Թյուրքալեզու երկրների խորհուրդը, որն արդեն կոչվում է Թյուրքական պետությունների կազմակերպություն, հիմնադրվել է 2009 թվականին Նախիջևանի համաձայնագրով: Անցած նոյեմբերին Ստամբուլում կայացավ կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ համաժողովը, որը գլխավորում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ ժամանակ ստորագրվեց կառույցի տեսլականն ու ապագա քայլերը ուրվագծող «Թյուրքական աշխարհ 2040» փաստաթուղթը, որի դրույթներից մեկն էլ միասնական հակահաբեկչական պայքարն է։

Ղազախստանը, սակայն, ինչպես հայտնի է, օգնության համար դիմեց Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG