Արսեն Հովհաննիսյանը Երևանի կենտրոնում գործող մի քանի ռեստորանների հիմնադիր է, դրանցում ծխել երբեք չի թուլատրվել նույնիսկ նախքան հակածխախոտային նոր օրենքի ընդունումից առաջ ծավալված բուռն քննարկումները:
«Նույն ուտելիքի ծխի առկայության դեպքում շատ ավելի ուրիշ համ ունի, ոչ այն համը, որը մենք նախատեսել ենք մեր հաճախորդների համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
Չնայած խորհրդարանում քննարկումների ժամանակ որոշ պատգամավորներ տեսակետներ էին հնչեցնում, որ Առողջապահության նախարարության մշակած հակածխախոտային նոր օրենքը վնասելու է բիզնեսին՝ Արսեն Հովհաննիսյանը վստահ է, որ գոնե ռեստորանային բիզնեսին հաստատ չի վնասելու. - «Ինձ թվում է, շատերը արդեն իրենց կամքով ռեստորաններից ծուխը հանում են, որովհետև հասկանում են, որ այդտեղ աշխատող մարդկանց խնդիրներ կունենան, հաճելի չի, օդափոխության համակարգ և այլն, էդ ամեն ինչը ի վնաս է վերջնարդյունքում ռեստորատորներին։ Նույնիսկ հաճախորդների պրոֆիլն էլ է փոխվում դեպի լավը։ Ընտանիքներով են մարդիկ սկսում գալ, տարբեր տարիքային խմբեր են սկսում գալ»։
Հայաստանում նոր ընդունված «Ծխախոտի հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման մասին» նոր օրենքը որոշ քննադատների կարծիքով, չափազանց խիստ է, և մինչև ընդունվելն այն անգամ բողոքի ակցիաների առիթ դարձավ։
Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանի խոսքով սակայն, Հայաստանի ընդունած օրենքը գրվել է՝ հաշվի առնելով աշխարհի հաջողված փորձը, ինչպես նաև անհաջողության պատմությունները, նոր հեծանիվ ըստ էության, չեն հորինել. - «Ըստ էության, բացառությամբ հարկային և գնային քաղաքականության, մենք կանդրադառնանք բոլոր մնացած քաղաքականություններին՝ այդ թվում նաև բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացմանը, այդ թվում նաև գովազդի արգելքին և վաճառակետերում ցուցադրմանը»։
Նոր օրենքով 2021 թվականից ծխախոտի հատուկ ցուցադրումն ու գովազդը կարգելվի վաճառքի կետերում։ 2022-ից ծխելը կարգելվի փակ, ինչպես նաև բաց հանրային տարածքներում, իսկ 2024 թվականից երկրում վաճառվող բոլոր տեսակի ծխախոտները կունենան ստանդարտ փաթեթավորում՝ առանց ծխախոտը գայթակղիչ դարձնող դիզայնի։
Բազարչյանը նկատում է, որ մինչև այս նոր, ավելի խիստ հակածխախոտային օրենքի ընդունումը, Հայաստանը այս հարցում հետ էր մնացել անգամ Ռուսաստանից ու այլ նախկին խորհրդային երկրներից, որոնց մեծ մասում ռեստորաններում ու սրճարաններում ծխելը վաղուց արգելված է. - «Բնականաբար, դա այն հարցն է, որ չէր կարող դրված չլինել ու չէր կարող լինել կողմ, որը կասեր չէ։ Մանավանդ եթե գոյություն ունի ծխախոտային արդյունաբերություն, որոնք կխրախուսեին այդ դեբատի լինելը մեր երկրում»։
Հարցին, թե ինչու է կառավարությունը փակ հանրային վայրերում ծխելու արգելքը օրենքի ընդունման օրվանից մոտ 2 տարի հետաձգում, այն դեպքում, երբ մի նժարին հանրային առողջությունն է, Բազարչյանը պատասխանեց, որ ժամանակ են տվել բիզնեսին հարմարվելու համար։
Երևանում գործող մոտ երկու տասնյակ ակումբներն ու սրճարանները, որ մասնագիտացել են իրենց հաճախորդներին հուքա կամ նարգիլե ծխելու սարքեր առաջարկելու գործում, չեն էլ պատկերացնում, թե ինչպես պետք է հարմարվեն նոր օրենքին։ Դռները փակել ու տուն գնալ ևս չեն ցանկանում՝ ասելով, որ տարիներ շարունակ այս բիզնեսով են զբաղվել, հմտություններ զարգացրել, որոնք այլ հանգամանքներում օգտագործել չեն կարող։
«Մեզ ամեն տեղ, այսպես ասած, փշի-փշի անելով, որ ներկայացրեք ձեր առաջարկները, մենք դրանք հաշվի կառնենք։ Մենք ներկայացրել ենք մեր առաջարկները և՛ գրավոր, և՛ բանավոր ձևով, և այսօր ստացվում է, որ այդ առաջարկներից ոչ մեկը լսելի չի եղել», - «Ազատությանն» ասաց Ժորա Փանոսյանը, ով սեփական «հուքա ակումբներ» ունի, և նարգիլե սիրողների միության համակարգողն է։
Նա ասաց, որ իրենք գրանցված են որպես հանրային սննդի օբյեկտ, քանի որ գրանցման այլ ձևաչափ չկա։ Պատրաստ են այլևս սնունդ չվաճառել, իրենց բիզնեսը վերածել ծխողների մասնագիտացված ակումբների, սակայն կառավարությունը այդ հնարավորությունն առայժմ չի տալիս, թեև նարգիլե սիրողները բանակցելու հույսը չեն կտրում. - «Նույնիսկ եթե մեզ հիմա հանրային սննդի օբյեկտներից տարանջատեն, սա լինում է փակ հանրային տարածք, որտեղ ծխելը նույնպես արգելվում է։ Իհարկե հույս ունենք, որ այդ լուծումը կգտնվի։ Թե՛ հիմա, թե՛ երկու տարի հետո պայքարելու ենք այդ փոփոխությունների համար»։
Բողոքներին զուգահեռ Առողջապահության նախարարությունն արձանագրում է, որ երբ նոր ընդունված օրենքն իր բոլոր դրույթներով ուժի մեջ մտնի, ելնելով մյուս երկրների փորձից, կարող են ասել, Հայաստանում կունենան տարեկան մոտ 1-2 տոկոս ծխողների թվի նվազում։