Մատչելիության հղումներ

Բախումների էպիկենտրոն դարձած Ալմաթիում իրավիճակը ծայրաստիճան լարված է մնում


Ղազախստան - Ալմաթիի փողոցներից մեկը, 6-ը հունվարի, 2022թ․
Ղազախստան - Ալմաթիի փողոցներից մեկը, 6-ը հունվարի, 2022թ․

Հակաահաբեկչական գործողություններ Ալմաթիում, տասնյակ զոհեր, նախօրեին բախումների էպիկենտրոն դարձած Ղազախստանի խոշորագույն քաղաքում իրավիճակը ծայրաստիճան լարված է։

Համացանցում տարածվող տեսանյութերի համաձայն՝ մարտերը քաղաքի կենտրոնում այս պահին էլ շարունակվում են։

Փողոցներ են դուրս բերվել զինվորական ստորաբաժանումներ և զրահատեխնիկա։ Տեղից ստացվող վերջին լուրերի համաձայն, Ալմաթիի տարբեր հատվածներում՝ այդ թվում գլխավոր հրապարակում, փոխհրաձգություն է տեղի ունենում, կան բազմաթիվ վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում, հաղորդվում է առնվազն մեկ զոհի մասին։

«Ազատության» Current Time հեռուստանախագծի թղթակիցը տեղից փոխանցում է, որ քաղաքի հիվանդանոցները՝ մասնավորապես դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքները, լեփ-լեցուն են։

Ալմաթիի ոստիկանությունը պնդում է, որ գիշերվա ընթացքում հարձակման են ենթարկվել քաղաքի վարչական շենքերը, ոստիկանական բաժանմունքը, կան տասնյակ զոհեր։ Գերատեսչության ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեկովի խոսքով՝ այս պահին իրականացվում է դիակների նույնականացում։ Զոհերին իշխանություններն անվանում են ծայրահեղականներ։ Սա քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին առաջին պաշտոնական հայտարարությունն է։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ձերբակալվածների թիվն ավելի քան 2 հազար է։

Այսօր ավելի վաղ Ղազախստանի պետական հեռուստաընկերությունը, վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, հայտնել է գիշերային բախումների ընթացքում սպանված 13 ուժայինների մասին, նրանցից մեկը, ինչպես հաղորդվել է, գլխատված է։

Ղազախստանի առողջապահության փոխնախարար Աժար Գինիյաթը ժամեր առաջ հայտարարել էր, որ վիրավորների թիվն ավելի քան հազար է, հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվել են։

Կեսգիշերին Ալմաթիի իշխանությունը հայտարարեց քաղաքում հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին՝ «կարգուկանոնը վերականգնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով»:

«Ազատության» ղազախական ծառայության փոխանցմամբ՝ Ալմաթի և Ակտաու քաղաքներում հազարավոր ցուցարարները կրկին փողոց են դուրս եկել։ «Մոտ 5 հազար ցուցարարներ հավաքվել են Ակտաուի հրապարակում։ Նրանք դժգոհ են ՀԱՊԿ-ի զորքը ներքաշելու նախագահի որոշումից։ Ցուցարարները բարիկադներ են տեղադրել դեպի օդանավակայան տանող ճանապարհին՝ փորձելու կանխել զորքի ժամանումը», - տեղից հաղորդում է ղազախական ծառայության թղթակիցը։

Մայրաքաղաք Նուր-Սուլթանում, աղբյուրի փոխանցմամբ, իրավիճակը կայուն է, քաղաքում խստացվել է անվտանգությունը։ Կառավարական բոլոր շենքերը՝ այդ թվում նախագահի նստավայրը, խորհրդարանի շենքը, շրջապատված են հատուկ ջոկատայիններով և զինվորականներով: Նուր-Սուլթանում ցույցեր, բողոքի ակցիաներ տեղի չեն ունենում։

BBC-ի համաձայն, այսօր Ղազախստանի բոլոր բանկերը դադարեցրել են աշխատանքը։ Կենտրոնական դրամատունը հայտարարել է, թե այդ որոշումը պայմանավորված է «հակաահաբեկչական գործողությունների» անցկացմամբ, ինտերնետ կապի խափանումներով և բանկերի աշխատակիցների ու հաճախորդների պաշտպանությամբ։

Չեղարկվել են դեպի Ղազախստան բոլոր չվերթները։ Ղազախական ավիափոխադրող՝ Air Astana-ն նույնպես հայտարարել է, որ մինչև վաղը դադարեցնում է աշխատանքները՝ ինտերնետի բացակայության պատճառով։

Նավթով, գազով, մետաղների խոշոր հանքավայրերով հարուստ Կենտրոնական Ասիայի ամենամեծ տնտեսությունն ունեցող Ղազախստանում հինգերորդ օրը շարունակվող հակակառավարական ցույցերը սկիզբ առան գազի գնաճի պատճառով։ Բողոքի գործողությունները հետզհետե տարածվեցին երկրով մեկ, տնտեսական պահանջներին ավելացան նաև քաղաքական բարեփոխումների, մասնավորապես՝ երկրի փաստացի իշխող ընտանիքի՝ Նազարբաևների հեռացման կոչեր։

Ավտորիտար կառավարմամբ հայտնի 81-ամյա Նուրսուլթան Նազարբաևը պետության ղեկավարի պաշտոնից հրաժարվել էր 2019 թվականին՝ իշխանության ղեկը փոխանցելով իր հավատարիմ ենթականերից մեկին՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, իսկ ինքը ստանձնել էր երկրի առանցքային կառույցի՝ Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։ Պաշտոնաթողությունից առաջ նրա նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխություններով երաշխավորվել է նախկին նախագահի և ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը՝ ազատելով նրանց ցանկացած քրեական հետապնդումից։

Բողոքի ցույցերի ֆոնին նախ հրաժարական տվեց կառավարությունը, ապա երկրի նախկին երկարամյա առաջնորդը հեռացավ Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից։

Լարվածությունը, այդուհանդերձ, չթուլացավ, երկրում սահմանվեց երկշաբաթյա արտակարգ դրության ռեժիմ։ Որոշումը սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը երեկոյան ժամը 11-ից մինչև առավոտյան 7-ը, արգելում է զանգվածային միջոցառումներն ու գործադուլները, ինչպես նաև լիազորում է իրավապահ մարմինների աշխատակիցներին զննության ենթարկել քաղաքացիներին ու ստուգել նրանց մեքենաները։

Նախօրեին իր ելույթում նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սպառնաց կոշտ գործողությունների դիմել Նա պնդում է, որ զանգվածային ցույցերի ետեւում կանգնած են օտարերկրյա ուժեր։

Ընդդիմախոսները հակադարձում են՝ բողոքի ալիքը երկրում վաղուց էր հասունացել։ Ղազախստանի վարչապետի պաշտոնը 1994-ից երեք տարի զբաղեցրած Ակեժան Կաժեգելդին «Ազատության» Current Time հեռուստանախագծի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե բողոքի ցույցերը միանգամայն կանխատեսելի էին, բնակչության դժգոհությունը վաղուց էր հասունացել։

«Պատճառը շատ պարզ է՝ կոռուպցիայի աճ, անվստահություն իշխանությունների նկատմամբ, աճող աղքատություն և ճոխություն ոչ մեծ խմբի համար, որն աչք է ծակում։ Ժողովուրդը համբերել-համբերել է, և պետք էր ընդամենը առիթ», - ասում է նախկին բարձրաստիճան պաշտոնյան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG