Մատչելիության հղումներ

Ըստ միջազգային իրավունքի մասնագետների՝ Բաքուն ու Երևանը պարտավոր են կատարել Հաագայի դատարանի միջանկյալ պահանջները


Նիդերլանդներ - Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում, արխիվ
Նիդերլանդներ - Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում, արխիվ

Միջազգային իրավունքի մասնագետները պնդում են՝ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը պարտավոր են կատարել ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանի միջանկյալ պահանջները, հակառակ դեպքում կարող են նոր խնդիրների առաջ կանգնել։

Դեկտեմբերի սկզբին Հաագայի դատարանը միջանկյալ որոշումներով Ադրբեջանից և Հայաստանից պահանջեց կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը։

«Կոնկրետ գործերով քաղաքական ճնշումներ բանեցնելու, սանկցիաներ կիրառելու մեխանիզմ կա Անվտանգության խորհրդի միջոցով: Անվտանգության խորհուրդն ունակ է արդեն որոշումներ կայացնելու տվյալ պետության դեմ, նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առումով, այնպես որ պետք է շատ լրջորեն մոտենալ Հաագայի դատարանի թեկուզ միջանկյալ որոշումներին», - ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

30 տարի ղարաբաղյան հակամարտության մեջ գտնվող Հայաստանն ու Ադրբեջանը վերջին պատերազմից հետո տարաձայնությունները նաև միջազգային դատարան տարան։ Բաքուն ու Երևանը միմյանց մեղադրում են ռասայական խտրականության համար՝ ահազանգելով 90-ականներին ստորագրած ՄԱԿ-ի կոնվենցիան խախտելու մասին։ Բայց մինչև բուն գործի քննությունը, դատարանը միջանկյալ որոշումներ կայացրեց։

Երևանը, մասնավորապես, պահանջել էր Ադրբեջանին պարտավորեցնել վերադարձնել հայ ռազմագերիներին, փակել Բաքվի «ռազմավարի պուրակը», պահպանել մշակութային օբյեկտները, դադարեցնել ռասայական խտրականության քարոզը։ Բաքուն, իր հերթին, խնդրել էր պարտավորեցնել Երևանին տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս եկած տարածքների ականապատման քարտեզները, դադարեցնել ռասայական խտրականությունը։

Արդարադատության դատարանն իր միջանկյալ որոշումներում ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայերը չպետք է ենթարկվեն անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի իրենց ազգային պատկանելության պատճառով, պետք է պաշտպանված լինեն բռնությունից և մարմնական վնասվածքներից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջին, ապա դատարանը նշել է, որ Հայաստանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ կանխելու էթնիկ ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումն ու տարածումը, այդ թվում` իր տարածքում գործող կազմակերպությունների և անհատների կողմից։

Իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Գեղամյանն ասում է՝ կողմերը պետք է իրենց պարտավորությունների կատարման մասին կես տարին մեկ զեկույց ներկայացնեն հեղինակավոր միջազգային դատարանին։

«Ազատության» հարցին՝ «եթե ներկայացնում է զեկույցը և նշում, որ չեմ կատարել, ի՞նչ է լինելու», Գեղամյանը պատասխանեց. - «Պետությունների միջազգային պրակտիկայում նման վարքագիծ, որ ներկայացնեն՝ չեմ կատարում, ընդունված չի: Չկա միջազգային իրավական հարկադրանքի մեխանիզմ բացառությամբ տեսականորեն ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված անվտանգության խորհրդի ներգրավումը պրոցեսին, որը կատարվում է բացառիկ դեպքերում, երբ որ կա խաղաղության կոնկրետ սպառնալիք, և պրակտիկայում այդ մեխանիզմը երբևէ չի կիրառվել»:

Հաագայի դատարանը բավարարեց Հայաստանի պահանջների մեծ մասը, բացի ռազմագերիներին հայրենիք վերադարձնելուց։ Մինչդեռ այդ միջազգային ատյանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հաղթանակ է որակում միջանկյալ որոշումը։

«Դատարանի կողմից կայացրած որոշումները և որոշումներից կատարած արձանագրումները, իրավական գնահատականները առանցքային են մեր աշխատանքի համար քաղաքային առումով, որովհետև դրանք հնարավորություն են ընձեռում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն իրականացնի, այսպես ասած, թե՛ իրազեկման և թե՛ քաղաքական, դիվանագիտական աշխատանքներ բոլոր մակարդակներում, որովհետև այն արձանագրումները, այն գնահատականները, որ դատարանը տվել է և այն որոշումները, որ տվել է Հայաստանին, կարծում եմ, աննախադեպ է այս առումով և աննախադեպ հնարավորություն է այն ամբողջությամբ կիրարկելու», - ասաց Կրակոսյանը:

Մերժելով հայկական կողմի համար կարևոր՝ ռազմագերիների վերադարձի պահանջը՝ Հաագայի դատարանը պարզաբանել էր՝ Հայաստանը չի ներկայացրել ապացույցներ, որ նրանք շարունակում են պահվել Ադրբեջանում իրենց ազգության կամ ռասայական ծագման հիմքով։ Պաշտոնական Երևանը, սակայն, այլ մեկնաբանություն ունի։

«Ընդհակառակը՝ Հայաստանը բավականին շատ է ներկայացրել ապացույցներ, ուղղակի դատարանն այստեղ տարբերակում դրեց հետևյալի միջև՝ դատարանը դրեց տարբերակում անձանց պահելու մոտիվի և անձանց նկատմամբ վերաբերմունիք մոտիվի միջև, որը իհարկե մենք որպես կողմ, պարզ է, համաձայն չենք, մենք այլ կարծիքի ենք: Մեր ներկայացրած փաստարկները հետևյալի մասին էին, որ Ադրբեջանում տիրող հակահայկական մթնոլորտը, ռասիստական մթնոլորտն այնքան բարձր մակարդակի վրա է, նաև հիմնվելով, հղում կատարելով, օրինակ, Եվրոպական դատարանի կողմից կայացրած մի շարք որոշումներ վրա, որ առհասարակ անձանց գտնվելը Ադրբեջանում արդեն իսկ կյանքին վտանգ սպառնացող է: Ամեն դեպքում նմանատիպ իրավունք վերադարձի ապահովման իրավունք, ռասայական խտրականության վերաբերյալ կոնվենցիայով երաշխավորված չէ», - ընդգծեց Կիրակոսյանը:

Ադրբեջանն արդեն իսկ իրագործել է հայկական կողմի պահանջներից մեկը․ չսպասելով Արդարադատության դատարանի որոշմանը՝ Բաքուն «ռազմավարի պուրակից» հեռացրել էր հայ զինվորների մանեկեններն ու սաղավարտները, որոնք հայտնվել էին միջազգային քննադատության թիրախում։ Պատասխանելով միջազգային դատարանի հարցերին՝ Ադրբեջանի ներկայացուցիչը հավաստիացրել էր՝ վիճահարույց ատրիբուտները հեռացվել են ընդմիշտ և էլ երբեք չեն ցուցադրվելու։

Հաագայում դատաքննությունը և վերջնական որոշման հրապարակումը կտևի մի քանի տարի։ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանից ակնկալում են արդար որոշում, այս փուլում կողմերից որևէ մեկը չի ընդունում, որ խախտել է ՄԱԿ-ի կոնվենցիան՝ առանց ռասայի, սեռի, լեզվի ու կրոնի խտրականության բոլորի իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու մասին։

Արդեն շուրջ 50 տարվա պատմություն ունեցող դատարանն, ի դեպ, մինչ օրս այս կոնվենցիային առնչվող երեք գործ է քննել․ երկուսի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած դիմումի դեպքում դատարանը որոշել է, որ քննությունը շարունակելու լիազորություն չունի։ Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործն էլ քննվում է արդեն 5 տարի․ այն դատարան էր ներկայացվել 2017 թվականին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG