Մատչելիության հղումներ

Բաքուն շարունակում է արդարացնել «ռազմավարի պուրակի» գոյությունը


Ադրբեջան - Բաքվի «ռազմավարի պուրակը», ապրիլ, 2021թ.
Ադրբեջան - Բաքվի «ռազմավարի պուրակը», ապրիլ, 2021թ.

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են արդարացնել Բաքվի այսպես կոչված «ռազմավարի պուրակի» գոյությունը, որտեղ ներկայացված են 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից գրավված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։

Ավելի վաղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ալիևի վարչակազմից պահանջել էր հեռացնել պուրակի որոշ ցուցանմուշներ, որոնք ազգային ատելության և խտրականության տարրեր են պարունակում։ Ադրբեջանի կառավարությունը վստահեցրել է, թե կատարել է այդ պահանջը։

Այսօր Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը պնդել է՝ այդ պուրակը կապված է պատմության հետ։ «Դրա հետ կապված հայկական կողմը դիմել է բազմաթիվ պետությունների։ Երբեմն Հայաստանի դիրքորոշմանն աջակցել են հայամետ ուժեր։ Սակայն այստեղ չի կարող խոսք լինել հայ ժողովրդի ինչ-որ էթնիկ զտումների մասին։ Այդ պուրակը կապված է պատմության հետ», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ պնդելով, թե պուրակում ներկայացված են Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռների կիրառման ապացույցներ։ Մամեդովն, ի դեպ, այդ մասին առաջին անգամ է հիշատակում։ Թեև ՄԱԿ-ի միջազգային ատյանում նա որպես Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ անդրադարձել էր աղմկահարույց պուրակին, սակայն այդ ժամանակ հպանցիկ միայն հավաստիացրել էր, որ պուրակի որոշ ցուցանմուշներ հեռացվել են։

Հոկտեմբերի 15-ին՝ Հաագայի դատարան Հայաստանի հայցը ներկայացնելուց մոտ մեկ ամիս անց, ադրբեջանական Mikroskop լրատվական կայքը հայտնել էր, որ հայ զինվորներին պատկերող մանեկենները, ինչպես նաև պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորների սաղավարտների ցուցադրությունը պուրակից հեռացվել են։ Կառույցի պաշտոնական ներկայացուցիչը լրատվամիջոցին ասել էր, որ այդ որոշումը ժամանակավոր է՝ պայմանավորված պուրակի վերանորոգման աշխատանքներով։

Ողջունելով ՄԱԿ-ի արդարադատության ատյանի նախօրեին կայացրած որոշումները, որոնցով Հաագայի դատարանը Երևանից ու Բաքվից պահանջում է կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը, Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալն այսօր հայտարարել է, որ Բաքուն պատրաստվում է ևս երկու հայց ներկայացնել Հայաստանի դեմ։ «Դրանցից մեկը վերաբերելու է շրջակա միջավայրին հասցված վնասի չափերին։ Մյուսը վերաբերում է էներգետիկ ռեսուրսներին. Հայաստանի կողմից օկուպացիայից ազատագրված տարածքներում էներգառեսուրսների ապօրինի օգտագործման և շահագործման փաստերը հավաքագրվում են, և մենք պատրաստվում ենք այդ կապակցությամբ պահանջներ ներկայացնել», - մանրամասնել է Մամեդովը։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Բաքուն դրանով չի սահմանափակվելու և պատրաստվում է հայցեր ներկայացնել նաև բոլոր այն ընկերությունների դեմ, որոնք «ապօրինի գործունեություն են իրականացրել ազատագրված տարածքներում»։

Անդրադառնալով Բաքվի հավանությանն արժանացած՝ Հաագայի դատարանի երեկվա վճռին, ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ եթե Հայաստանը չկատարի ՄԱԿ-ի դատարանի որոշումները, ապա Երևանի վրա շատ լուրջ ճնշում կգործադրվի։ «Խոսքն այն մասին է, որ Հայաստանում երեխաներին թուրքերի, ադրբեջանցիների նկատմամբ ատելություն են սերմանում։ Դա կապված է ապագայի հետ, այդ իսկ պատճառով պետք է կանխվի», - պնդել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

Մամեդովը, սակայն, չի հստակեցրել, թե երբ և ինչպես է Բաքուն իրականացնելու նույն դատարանի իրեն վերաբերող պահանջները՝ հայ գերիների անվտանգության ապահովումը, ռասայական ատելության և խտրականության հրահրման կանխումը՝ այդ թվում պաշտոնյաների և հանրային ինստիտուտների կողմից, որոնք թիրախավորում են ծագումով հայ մարդկանց, հայկական մշակութային ժառանգության, ներառյալ` պաշտամունքի վայրերի, հուշարձանների, գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների կանխումն ու մեղավորներին պատժելը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG