Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարել է Հայաստան վերադարձված գերիներից երկուսի կալանավորման միջնորդությունը


Երեկ հայտնի դարձավ, որ օրերես Հայաստան վերադարձած տասը գերիներից հինգին մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հոդվածով։

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերիներից երկուսը՝ պայմանագրային զինծառայողներ, դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին, նախկին գերիների պաշտպանները, դատարանը մերժել է զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երեմյանի կալանավորման միջնորդությունը։

Երեկ հայտնի դարձավ, որ օրերս Հայաստան վերադարձած տասը գերիներից հինգին մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հոդվածով։ Այս արարքը պատժվում է երեքից ութ տարի ազատազրկմամբ։

Զինծառայողներից երկուսի կալանքի հարցը դատարանը դեռ քննում է։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ Սյունիքի ու Վայոց Ձորի սահամանագոտում ծավալված արյունալի մարտերի օրը։ Այդ օրը հայկական կողմը երկու դիրք էր կորցրել։ Ավելի վաղ այս գործի շրջանակներում կալանավորվել էին կորսված դիրքի երկու պատասխանատուները՝ մարտական ծառայության կանոնները խախտելու մեղադրանքով։

«Նշված է, որ զինծառայողները պետք է իրենց պարտքը մինչև վերջ կատարեն։ Եվ այնտեղ նշված է, որ ղեկավար կազմը պետք է ապահովի պարտականությունների կատարումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ո՞վ է պատասխանատուն գերեվարման դեպքերի համար։ Օհանյանի կարծիքով, պետք է քննություն իրականացվի հանգամանքները պարզելու համար, բայց համոզված է, որ առաջին պատասխանատուն հենց քաղաքական ու ռազմական վերադասն է. - «Ղեկավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ գերիներին հետ վերադարձնելու։ Որքան ես գիտեմ, դրա համար պատասխանատվություն կա։ Այս իրականության մեջ, ես գտնում եմ, որ պետք է ուսումնասիրվի, թե որոնք են այն պայմանները, որ զինծառայողները հայտնվել են գերության մեջ։ Եվ գտնում եմ, որ առաջին հերթին բարոյական նորմ է, որպեսզի պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք որ ստեղծել են այդ գերության պայմանները»։

Գերիների կալանավորումը հաջորդեց Ազգային ժողովի նախագահի սկանդալային տեսագրության տարածմանը: Ալեն Սիմոնյանը այցերից մեկի ժամանակ ոչ հրապարակային զրույցում հայտարարել էր, որ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են ու հայտնվել են գերության մեջ։ Սիմոնյանը ենթադրաբար խոսում էր նոյեմբերի 16-ի սահմանային լարվածության ժամանակ գերեվարվածների մասին։

«Եթե ես էդ գերիների պատճառով պըտի Սյունիք կորցնեմ, եթե պըտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող ա սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ իրանք չկան», - ասել էր Հայաստանի խորհրդարանի խոսնակը։

Ավելի վաղ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննվի:

«Նախկինում ևս այն գերեվարված անձինք, ովքեր վերադարձել են Հայաստանի Հանրապետություն... բոլորը անցել են նույն ընթացակարգով, և եթե կան մեղավորներ, մեղավորները ենթարկվել են պատասխանատվության։ Եթե չկան մեղավորներ, չեն ենթարկվել պատասխանատվության։ Որքանով որ ես տեղյակ եմ այս պահի դրությամբ։ Խոսքը գնում է մինչև վարչապետի կողմից այդ թեմային անդրադառնալը», - ասում է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

Նա հերքում է, թե գերիների նկատմամբ քրեական գործերը քաղաքական հայտարարությունների հետ են կապված՝ վստահեցնելով, թե դրանք մինչև այդ հայտարարություններն են հարուցվել։

XS
SM
MD
LG