Ազգային ժողովի խոսնակի հայտարարությունից զայրացած գերիների և անհետ կորածների հարազատները ողջ օրը բողոքի ակցիա անցկացրեցին խորհրդարանի շենքի առջև. նրանք նույնիսկ մի քանի րոպե փակ պահեցին Բաղրամյան պողոտան, ոստիկանները մի քանի ցուցարարի բերման ենթարկեցին:
Գերիների ու անհետ կորածների հարազատները առավոտից հանդիպում էին պահանջում Ալեն Սիմոնյանի հետ, որպեսզի նա բացատրություն տա իր սկանդալային հայտարարության համար։
Երեկ համացանցում գաղտնի նկարահանված մի տեսանյութ էր տարածվել, որում խորհրդարանի նախագահը, ենթադրաբար, նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ գերեվարված զինվորականների մասին ասում էր՝ «գիտե՞ք ովքեր են էդ մարդիկ... զենքը դրել են ու փախել»:
Զայրացած հարազատներն ասում են՝ ավելի քան մեկ տարի է իրենց որդիներին են սպասում, այժմ առանց համապատասխան քննության նրանց դասալիք են կոչում։ Նրանք իշխանություններին մեղադրում են ոչ կոմպետենտ լինելու համար՝ նշելով՝ ունակ չեն գերիների հարցը լուծել։ Հարազատներն ընդգծում են՝ մեկ տարի է իշխանությունը իրենց գլխի տակ միայն փափուկ բարձ է դնում։
Ալեն Սիմոնյանի խոսնակի փոխանցմամբ՝ խորհրդարանի խոսնակը պատրաստ էր հարազատներից մի քանիսին ընդունել, սակայն հանդիպմանը ներկա էին ուզում լինել բոլորը: Թե ինչո՞ւ չի ուզում բոլորի հետ հանդիպել, Ծովինար Խաչատրյանը բացատրեց Սիմոնյանի աշխատանքային զբաղվածությամբ. «Քան որ Ազգային ժողովն աշխատում է բավական ծանրաբեռնված օրակարգով ու ռիթմով, այդ իսկ պատճառով բոլորին այստեղ ընդունելն այս պահին նպատակահարմար չէ»:
Գերիների հարազատների ու Ալեն Սիմոնյանի հանդիպում այսօր այդպես էլ տեղի չունեցավ։ Ցուցարաներից ոմանք շարունակում են մնալ Ազգային ժողովի շենքի մոտ։