Մատչելիության հղումներ

Թուրքիայի համար այս փուլում կարևոր է բանակցությունների սկսումը, իսկ նախապայմանները կհնչեն ընթացքում․ թուրքագետ


Թուրքիայի համար ներկա փուլում կարևոր է, որ սկսեն բանակցությունները, իսկ նախապայմանները կհնչեն բանակցությունների ընթացքում, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանում հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին: Պաշտոնական Երևանը «դրական գնահատեց» հայտարարությունը՝ հաստատելով «ևս հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։ Հայտարարություններում նախապայմաններ չհնչեցին։

Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան, 63-ամյա փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչն կլինի: Երևանը դեռ չի հայտարարել, թե ով է լինելու Հայաստանի բանագնացը Անկարայում:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու Անկարայի հայտարարության ֆոնին ամերիկյան Bloomberg-ը գրեց, թե հոկտեմբերի վերջին, Հռոմում G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել՝ բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը:

Հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիան այնուամենայնիվ այս անգամ առաջ քայլ անի, թուրքագետը պատասխանեց․ - «Ես չեմ կարծում, այդպիսի արդեն երեք փորձ է եղել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել, և վերջին երկու փորձերն անմիջականորեն իրականացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, և ոչ մի արդյունք չի եղել։ Ես կասկածու եմ, որ այս անգամ էլ, եթե դա իսկապես եղել է ԱՄՆ-ի միջնորդությունը, կարող է ինչ-որ իրադրությունը փոխվի, չեմ կարծում»։

Սաֆրաստյանը մանրամասնեց՝ Թուրքիան նախորդ երեք փորձերի ընթացքում ոչ մի թիզ իր պահանջատիրությունից Հայաստանի նկատմամբ չի նահանջել, կոմպրոմիսի չի գնացել, պարտադրել է, ճնշել է։

«Այդ պատճառով տարբեր փուլերում բանակցությունները կամ դադարել են, կամ, ինչպես «ֆուտբոլային դիվանագիտության» առումով էր, ստորագրվեցին երկու արձանագրություններ, որոնք չվավերացվեցին։ Այսինքն՝ Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցումն է եղել պատճառը, որովհետև Թուրքիան, ինչպես հայտնի է, նախապայմանների քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, Հայաստանը ոչ մի նախապայման չունի։ Ի՞նչ է նշանակում նախապայմանների քաղաքականություն, դա նշանակաում է,որ Թուրքիան օգտվում է Հայաստանի աշխարհագրական դիրքից, ընդհանրապես տարածաշրջանում դիրքից և Հայաստանի առջև դնում է պահանջներ և պահանջների կատարումով է պայմանավորում հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան չի գնում որևիցե կոմպրոմիսի, պարտադրում է, ճնշում»։

2009 թվականին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները: Այն պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները։ Առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածությունը, սակայն, չպահպանվեց։ Թուրք պաշտոնյաները արձանագրությունների վավերացումը սկսեցին պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ։ Ստորագրումից վեց ամիս անց այն ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արձանագրությունների վավերացումը կասեցվեց Հայաստանի Ազգային ժողովում։ Եվս 4.5 տարի սպասելով՝ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ պաշտոնական Երևանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը և կանչեց։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG