Մատչելիության հղումներ

«Էլ ի՞նչ պետք է անեմ, որ աղքատ չլինեմ», իշխանությանը հարցնում է օրը 17 ժամ աշխատած վեց երեխաների մայրը


Հաց, պանիր, կանաչի, սպագետտի, թթու, այսքանն արդեն այսօր հրաշալի ընթրիք է 40-ամյա Մարգարիտա Սարգսյանի բազմազավակ ընտանիքում։ Ամսական եկամուտն ընդամենը 150.000 դրամ է, որից 60.000-ը աղքատության նպաստն է, 90.000-ը վաստակում է հիվանդանոցներից մեկում մայրապետ աշխատելով։

Այսքանը պետք է բավարարի տան վարձին, կոմունալ ծախսերին, 6 անչափահաս երեխաներին՝ Անուշիկին, Մանեին, Սեդային, զույգ եղբայրներ Արթուրին, Սարգսին ու փոքրիկ Դավիթին կերակրելու, հագցնելու, տաքացնելու համար. «Եթե այն ժամանակ մի փոքր էլի մատչելի էր, կարող էիր մի բան առնեիր, գոնե հացի հետ տայիր երեխեքին, հիմա արդեն դա էլ է այնքան թանկացել, դրան էլ չես կարում մոտ գնաս», - ասում է երիտասարդ մայրիկը:

Հայաստանում ամեն երրորդ մարդ աղքատ է։ Սա են փաստում պաշտոնական թվերը։ Վերջին տվյալներով՝ աղքատության ցուցանիշը Հայաստանում վերստին աճել է. եթե 2019-ին բնակչության 26.4 տոկոսն էր անապահով համարվում, մեկ տարի անց ցուցանիշը հասել է 27 տոկոսի։

Ըստ Վիճակագրական կոմիտեի հետազոտության՝ աղքատների մեծ մասը չունի աշխատանք։ Սակայն Մարգարիտայի պատմությունը հակառակի մասին է. արթնանում է արևի հետ, կոտրում կարծրատիպը, թե անապահովը խեղճ է։ Բայց օրական 17 ժամ աշխատելն էլ չի փրկում աղքատությունից ազատվելու համար:

«Մի օրվա մեջ ես 2-3 տեղ եմ աշխատել նույնիսկ, վազքով եկել եմ, գնացել մի ուրիշ տեղ, խնդրել եմ` կարելի՞ է գնալ 5 րոպե ընդմիջման, վազել եմ, մի ուրիշ տեղ գործ եմ արել, հետ եմ եկել նորից իմ գործին: Անկեղծ չի հերիքում, վաղը կարող է ավելի վատ լինես, վաղը չլինես, ու այսքան երեխա դրսում ո՞նց կարող է հայտնվել: Ուզում ես մտածել` մի հատ անկյուն թեկուզ, թեկուզ այսքան նայում ես` հիպոթեք են տալիս այս-այս ընտանիքներին, նույնիսկ դրանից չես կարում օգտվես: 20 տարվա գառանտիա չունեմ, որ ես կարամ ապրեմ, իմ այդ հիպոթեքը փակեմ, այսինքն` բա ես ի՞նչ կարամ անեմ, երեխեքը մնա՞ն դուրսը: Գոնե սենց մարդկանց մի փոքր առավելություն լիներ: Վարչապետին եմ կոնկրետ նամակ գրել, մերժված եկավ, քաղաքապետարան էլ դիմեցի, մերժված եկավ: Ինձ համար ավելի ճիշտ կլինեին, որ իրենք իմանային մեր տեղը», - ասում է նա:

«Պետությունը չի ընկալում աղքատության ծավալը, չի ճանաչում նրան դեմքով»,- սեփական վերլուծությունն է արել երիտասարդ միայնակ կինը, որը մեկ հարց ունի իշխանությանը՝ էլ ի՞նչ պետք է անի, որ աղքատ չլինի։ Թեպետ հիշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն աղքատության մասին {աղքատությունը մեր գլուխներում է- Նիկոլ Փաշինյան-14.02.2019}, բայց ասում է` դա իր հարցի պատասխանը չէ։

«Աղքատությունը մեր գլխում չի, մեր գլխում եթե աղքատություն լինի, շատ վատ կլինի, մեր հոգին ու գլուխը պետք է լիքը լինի, հարուստ լինի, որ մենք կարողանան դիմակայել դրան: Եթե դու կուշտ ես, երբեք չգիտես` սովածն այդ պահին ինչ է զգում», - նշում է Մարգարիտա Սարգսյանը:

Աղքատությունը Հայաստանում գնահատվում է 1996 թվականից: 2019 թվականից կիրառվում է Համաշխարհային բանկի վերանայված մեթոդաբանությունը, որտեղ ամսական եկամուտից է կախված անձի աղքատության չափը։ Տարբեր տարիների ընթացքում, հատկապես հեղափոխությունից հետո պետական, միջազգային բազմաթիվ ծրագրեր են մշակվել՝ աղքատությունը հաղթահարելու համար։

Աղքատությունը Հայաստանում այլևս քրոնիկ բնույթ ունի. ազգագրագետ

Հայաստանում չկա և տեսանելի ապագայում չի լինի միջին խավ, իսկ աղքատների ու հարուստների միջև անջրպետը շարունակելու է մեծանալ, համոզված է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը՝ պնդելով` աղքատ պետություն չունենալու համար իշխանությունը պետք է պարզապես ճիշտ ուղենիշներ սահմանի, սկսի կրթությունից։

«Պետությունն այդ անհավասարությունները հնարավորությունների իր քաղաքականությունների միջոցով նպաստի, որ հաղթահարվեն, այսինքն` մեր բոլոր երեխաները պետք է ունենան նույն հնարավորությունը` լավ կրթություն ստանալու», - կարծում է նա:

Թադևոսյանը ուսումնասիրություններ անելիս է հասկացել, որ շատ ընտանիքներ անգամ չեն գիտակցում, որ աղքատ են։ Քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքն ասել է՝ սոված չենք, ուրեմն աղքատ չենք՝ հաշվի չառնելով առողջապահական, կրթական և այլ նվազագույն պահանջները. «Այսինքն` իրականում ինքն աղքատ էր, որովհետև ինքը մի սենյակ էր ընդամենը ջեռուցում, որ չսառչեն ընտանիքով, այդտեղ էին մնում ձմեռը, բավական լուրջ սահմանափակումներ ուներ այդ մարդը: Երբ մարդն իր կենսակերպը գնահատում է միջին, պետությունը դրանից օգտվում է, իսկ մեր պետությունը ճիշտ է` Սահմանադրության մեջ գրված է սոցիալական պետություն է, բայց իրականում լիբերալ քաղաքականություն վարող կառավարություն ունենք, իսկ դա նշանակում է, որ մեր կառավարությունը գործում է և խոսում է հարուստների լեզվով` բիզնեսին է պաշտպանում»:

Աղքատությունը կլինի 25, 26, թե 27 տոկոս, ըստ մասնագետի, ընդհանուր առմամբ անապահովության պատկերը չի փոխում։ Պետությունն առայժմ չունի խնդրի համակարգային լուծում, և որքան էլ որ տխուր է գիտակցել՝ աղքատությունը Հայաստանում այլևս քրոնիկ բնույթ ունի. «Այդ աղքատությունը փոխանցվում է ընտանիքում սերնդից սերունդ»:

Անսահման սերը երեխաների նկատմամբ ուժ են տալիս Մարգարիտային, որպեսզի փորձի կոտրել աղքատության շղթան, որպեսզի երեխաները աղքատի հոգեբանությամբ չապրեն. «Ես զգում եմ, որ ես ինքս ուժեղ եմ, որովհետև եթե ուժեղ չլինեմ, հաստատ չեմ հասցնի ու չեմ կարա»:

Օրվա մի քանի ժամը երեխաները «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնում են, հետո գալիս, սպասում են մայրիկի աշխատավայրի մոտ։ Երիտասարդ կնոջ համար սա փրկօղակ է, միտքն այդ ժամերին հանգիստ է, երեխաները կուշտ են, չեն մրսում, ապահով են, ինքն էլ այդ ընթացում առաջ գնալու ճամփա է փնտրում. «Պահը եթե եկել է, մտածել եմ` կարելի է մեռնել, պրծնել, էնքան որ այս ամեն ինչից հոգնած, չէ, մամա ջան, մեր համար դու պիտի ապրես, մեր համար դու պիտի ուժ ունենաս, դրա համար հույսս չեմ կորցնում»:

XS
SM
MD
LG