Մինչև երկաթգծի Մեղրիի, այնուհետև Հորադիզ տանող հատվածների կառուցումը, այժմ քննարկվում է Երասխը ադրբեջանական Սադարակին կապող երկաթուղու մի քանի հարյուր մետրի վերագործարկումը, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթգծով կապել Իրանին: Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Անկեղծ ասած` մենք նման ցանկություն ունենք, և իհարկե, ցանկացած հնարավորություն ապաշրջափակման, որը հնարավոր է իրականացնել այսօր գործող ենթակառուցվածքների շնորհիվ, իհարկե, ցանկալի է, որ տեղի ունենա, բայց անկեղծ ասած` բնականաբար, դա բանակցությունների առարկա է, և ասել միանշանակ, որ դա տեղի կունենա, կամ նույն Վրաստանի հատվածը տեղի կունենա անմիջապես, ես հիմա չեմ կարող ասել, որովհետև այո, բանակցություններում դա կա, բայց ինչ վերջնական համաձայնության կգանք, դեռևս չեմ կարող ասել», - մանրամասնեց փոխվարչապետը:
Գրիգորյանը, ով ներկայացնում է Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ գործող եռակողմ՝ Ադրբեջանի հետ միասին փոխվարչապետերի աշխատանքային խմբում, անցած շաբաթ «Ազատությանը» փոխանցել էր, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի մինչև երեք տարի: Սակայն ո՛չ նախորդ շաբաթ, ո՛չ էլ այսօր փոխվարչապետը չհստակեցրեց, թե երբ է մեկնարկելու երկաթուղու հայաստանյան հատվածի շինարարությունը։
Մինչդեռ, Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրանոց երկաթգծի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվել են այս փետրվարին։ Բաքուն այն ծրագրում է ավարտել մինչև 2023թ. վերջ, ինչպես օրերս տված հարցազրույցում նշել էր Ադրբեջանի ղեկավարը։
«Ազատություն». - Երկաթուղային կապի վերագործարկումից հետո մաքսային հարցերն ինչպե՞ս են կարգավորվելու:
Մհեր Գրիգորյան. - Ցանկացած ենթակառուցվածքի վերականգնում ենթադրում է, որ ենթակառուցվածքը գործելու է երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, այսինքն` դա գործելու է որպես ենթակառուցվածք, որը գործելու է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո` օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Ազատություն». - Իջևան-Ղազախ ուղղությունը չի էլ քննարկվում վերագործարկե՞լ:
Մհեր Գրիգորյան. - Դե, ինքը քննարկվել է, քննարկվել են բոլոր ուղիները: Ես բազմիցս ասել եմ, բայց այնուամենայնիվ կա ողջամիտ ծախս, ռացիոնալ լուծում համակցություն, որի շրջանակներում, երբ որևէ տարբերակ օրակարգից դուրս չի էլ բերվել, ուղղակի կան լուծումներ, որոնք այս փուլի լուծումներ կարող են լինել:
Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են տրանսպորտային ուղիների վերականգնման հեռանկարները
Փոխվարչապետը հարցերին պատասխանեց օրվա առաջին կեսին Երևանում` հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո, որին մասնակցելու համար Երևան է ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Առավոտյան Օվերչուկին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ըստ կառավարության լրատվական ծառայության` քննարկել են հայ-ռուսական կապերին վերաբերող հարցեր, ինչպես նաև հարավկովկասյան տրանսպորտային ուղիների վերականգնման հեռանկարները:
Ռուսաստանի փոխվարչապետը նախորդ շաբաթ Բաքվում էր, հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել տարածաշրջանում հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցեր, ինչպես նաև խոսել էր այն նոր հնարավորությունների մասին, որոնք կբացվեն Ադրբեջանի առջև՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պարագայում։
Եվրասիական տնտեսական միության հիմնական սկզբունքներից է՝ մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը: Տեսականորեն այս սկզբունքը կարող է օգտագործվել նաև այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» գործարկման դեպքում, համենայնդեպս, նման մեխանիզմ ռուսական կողմը, «Ազատության» աղբյուրի համաձայն, քննարկում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
Այսօր Երևանում Օվերչուկին հարց ուղղեցինք՝ Հայաստան-Ադրբեջան երկաթուղային կապի վերագործարկման դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու, օրինակ, մաքսային հսկողությունը։ Ռուս պաշտոնյան լռությամբ արձագանքեց։
Հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի վերջին՝ այս դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացած նիստից հետո, որի ժամանակ, ըստ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, չէր հաջողվել համաձայնություններ ձևակերպել, մինչ օրս հանձնաժողովի հաջորդ նիստը չի կայացել, թեև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցել էին, որ ընդհատված նիստը առաջիկա օրերին կշարունակվի։
Մհեր Գրիգորյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ նման իրավիճակը պայմանավորված է փորձաքննության ենթական բազմաթիվ հարցերի առկայությամբ` չհստակեցնելով, թե երբ կլինի հաջորդ նիստը։