Մատչելիության հղումներ

Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է սահմանազատման աշխատանքներով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին. Նիկոլ Փաշինյան


Վանո Սիրադեղյանի աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան

Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան: «Կարծում եմ, որ հանձնաժողովը որոշումներ կկայացնի, և Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան», - այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը

Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, ասաց Նիկոլ Փաշինյանը` նաև արձանագրելով, ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է:

«Որպես նախագահող երկիր՝ պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- ասաց Փաշինյանը:

Միաժամանակ նա արձանագրեց` ՀԱՊԿ երկրներից մի քանիսը Թուրքիայի հետ թյուրքական աշխարհի ռազմավարություն ստորագրեցին, ինչը իրողություն է, որը չի կարող որևէ ազդեցություն չթողնել:

Սահմանազատման ու սահմանագծման մասին

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, այդ թվում` ռուսական ՊՆ-ի առաջարկներին` Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Երբ ասում ենք հայելային հետքաշում, նկատի ունենք, որ դեմարկացիա և դելիմիտացիայի այդ պրոցեսի ընթացքում ո՞նց ենք պատկերացնում` պետք է շարունակվեն հրադադարի ռեժիմի խախտումներ ու բախումներ լինե՞լ: Հնարավոր է` Ռուսաստանը մի գաղափար առաջ քաշի, որը մեր առաջադրած խնդիրը, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի պրոցեսի ընթացքում պետք է բացառել ռազմական սադրանքները»:

Ինչ վերաբերում է տարբեր շրջանակներից հնչող հայտարարությանը, որ եռակողմ հանդիպման ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու, վարչապետը մանրամասնեց. «Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանագծման և սահմանազատման արդյունքների մասին, այդպիսի բան հնարավոր չէ, ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևալի մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով: Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնելու է այստեղով, այնտեղով: Այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»:

Ըստ Փաշինյանի չճշտված տվյալների` նոյեմբերի 16-ին 32 հոգի է գերեվարվել

Չճշտված տեղեկություններով` այն 24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ի սահմանային լարվածության ժամանակ ընդհատվել էր, գերեվարվել են. «Չճշտված տվյալների համաձայն` ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել, մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված են, գերեվարվել են: Ունենք 24 գումարած 8 գերեվարված, բայց էլի այս տվյալները վերջնական ճշգրտման կարիք ունեն»:

«Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» ու ասում են` եթե չտաք, մենք պատերազմով այդ միջանցքը կստանանք»

«Ազատության» հարցին` ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության անարգել երթևեկություն արտահայտությունը կիրառելով` պնդում է, սա հենց «սուվերեն միջանցք» է նշանակում, հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին, վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Կա սովորական համընդհանուր տրամաբանություն` եթե նշանակեր սուվերեն միջանցք, գրված կլիներ սուվերեն միջանցք: Մանավանդ այդ նույն փաստաթղթի մեջ միջանցք բառը օգտագործված է` Լաչինի միջանցք ձևակերպումով»:

Նա նաև հայտարարեց` աշխատանքային մակարդում «մենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չենք լսել»: Միաժամանակ, շարունակեց. «Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրվել է, որ չկա, առաջինը սուվերենության հարցն է: Երկրորդը` ինչի՞ պիտի մեզ համար ընդունելի լինի այն, ինչ որ չկա, մենք դա ընդհանրապես ինչի՞ պետք է քննարկենք: Այստեղ է, որ Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է: Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» ու ասում են` եթե չտաք, մենք պատերազմով այդ միջանցքը կստանանք»:

«Չի լինելու այդպիսի բան, բայց մյուս կողմից` Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային ու ավտոմոբիլային կապը վերականգնվի: Այո՛, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ, տվյալ դեպքում, Նախիջևանի մասին չէ խոսքը, խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է, ես հույս ունեմ` ճիշտ կհասկացվեմ՝ այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի», - հայտարարեց Հայաստանի վարչապետը` հավելելով. «Այսօր ասում են` միջանցք են տալիս, Սյունիքն են տալիս, ժողովո՛ւրդ ջան, կներեք, եթե Հայաստանում տենց տվող կառավարություն լիներ, այդ կրակոցները չէին հնչի, ի՞նչ իմաստ կունենային այդ կրակոցները, այդ ագրեսիվությունը մեր կառավարության նկատմամբ չէր լինի», - ասաց նա` վստահեցնելով` իր ղեկավարած գործադիրը փորձում է ամեն կերպ Հայաստանի շահը պաշտպանել:

Պուտին-Փաշինյան-Ալիև օնլայն հանդիպում նոյեմբերի 9-ին անցկացնելու գաղափար եղել է

Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափար եղել է, տեղեկացրեց Փաշինյանը` նշելով նաև. «Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է»: Այնուամենայնիվ, ինչպես նշեց` ինքը կարծել է, որ եթե այդ հանդիպման արդյունքում կարող է հրատապ որևէ, օրինակ` գերիների վերադարձի խնդիրը լուծվել, ինքը պատրաստ է եղել հանդիպել, սակայն արդյունքում այդ հանդիպումը չի կայացել, կկայանա նոյեմբերի 26-ին Սոչիում:

Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն. Փաշինյան

Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ «միջանցքային տրամաբանությունը» Ադրբեջանը զարգացնում է` այդ թեման {տարածաշրջանային կոմունիկացիաների} օրակարգից հանելու համար:

Նա պնդում է` Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ-ի նկատմամբ, ինչը պիտի լինի միջազգային հանրության քննարկան կիզակետում. «Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում: Ի՞նչ է նշանակում օրինակ` «Զանգեզուրի միջանցք», «Արևելյան Զանգեզուր», «միջանցքային տրամաբանություն»: Այդ ովքե՞ր են այդ տերմինները հայտարարել: Մենք նախկինում հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը չի նշանակում, թե որևէ կերպ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից»:

Ալիևի հետ սպասվող հանդիպումների մասին

Հայաստանի վարչապետը կարծում է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներից արագ արդյունքների ակնկալություն պետք չէ ձևավորել:

«Չեմ կարծում, թե ճիշտ է ձևավորել ակնկալիք ամեն կոնկրետ հանդիպումից` կամ նեգատիվ, կամ պոզիտիվ, ինչ-որ արագ արդյունքների ակնկալություն պետք չէ ձևավորել: Կա մեր տարածաշրջանում լարվածություն, ու այդ լարվածությունը հաղթահարելու համար մենք պետք է բանակցենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` Բրյուսելում դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերից մեկը հավանաբար կլինի հումինատարը, այդ թվում` գերիների հարցը, նշեց` ընդհանուր կոնտեքստային քննարկում կլինի նաև:

«Մեր ընկալումն այն է, ու նաև ընդհանուր իրադրությունից է բխում, որ կարծում եմ` Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որ մենք կարողանանք իրադրությունները կարգավորել, լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից», - շեշտեց նա:

Հիշեցնենք` նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հայտարարել էր, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ: Արդյունքում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել էին հանդիպել Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG