Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հստակ քայլեր ձեռնարկելու և այդ նպատակով երկուստեք բանագնացներ նշանակելու հայտարարությունից հետո թուրքական մամուլն ու տարածաշրջանով զբաղվող վերլուծաբանները ուշադրության կենտրոնում են պահում թեման՝ փորձելով կանխատեսել այս գործընթացի ապագան:
Չնայած թուրքական կողմը այս անգամ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար ուղղակի նախապայման չի դրել, այնուհանդերձ երկրի բարձր ղեկավարության հայտարարություններում կարմիր թելով անցնում է «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման:
Անկարայի համալսարանի պրոֆեսոր Յըլդըզ Դևեջի Բոզքուշը Անադոլու գործակալությունում օրերս հրապարակված հոդվածում գրում է, թե Երևան - Անկարա երկխոսության բանալին հենց Զանգեզուրի միջանցքն է լինելու:
«Թուրքիան թյուրքական աշխարհի հետ կապող այս միջանցքը խիստ կարևոր նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար», - գրում է Բոզքուշը:
Նա նշում է, թե պաշտոնական Երևանը, հաշվի առնելով կարգավորման նախորդ փորձերի ձախողման պատճառները, պետք է զերծ մնա հայկական սփյուռքի ճնշումներից և սեփական գիծը առաջ տանի:
Թուրքական «Միլիյեթի» սյունակագիր Հաքքը Օջալն էլ գրում է, թե հարաբերությունների կարգավորման փորձերը հաջողությամբ կպսակվեն միայն այն դեպքում, երբ Երևանը անցյալում թողնի պատերազմը և Բաքվի հետ բարեկամություն հաստատի, ինչպես նաև Թուրքիային պահանջներ չներկայացնի:
«Հայաստանի ղեկավարությունը, բացելով Զանգեզուրի միջանցքը, երկրի համար լավ գործ կանի, և այդ ճանապարհով երկու երկրներ ոչ միայն գնացքներ կգնան, այլ նաև բարեկամություն», - գրում է Օջալը:
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի կարծիքով, բանակցային գործընթացում նախապայմանները վստահաբար օրակարգ գալու են. - «Այդ նախապայմաններց գլխավորը Զանգեզուրի միջանցքի խնդիրն է, որ անընդունելի է ցանկացած ինքնիշխան պետության համար։ Միջանցքի պահանջը արդեն ինքնին բավականին ամոթ երևույթ է»։
Էստուկյանը ուշագրավ դիտարկում է անում, թե բանակցություններում հայկական կողմն էլ կարող է առաջ քաշել սեփական միջանցքի պահանջը՝ ճանապարհ դեպի Տրապիզոնի նավահանգիստ. - «Ես հիշում եմ, որ տասներեք-տասնչորս տարի առաջ այս թեմայով հոդված էի գրել։ Ես միջանցք էի պահանջել Թուրքիայից՝ ի նպաստ Հայաստանի՝ Տրապիզոնի նավահանգստում ազատ շուկա, ազատ առևտրի տարածք և մինչև Հայաստան հասնող երկաթուղի և բեռնատար ինքնաշարժերի համար ցամաքային ճանապարհ»։
Խոսելով նոր-նոր նշմարվող երկխոսությունից Թուրքիայի հայության սպասումների մասին՝ Էստուկյանն ասում է՝ անշուշտ կողմնակից են, որ իրենց բնակության երկրի ու հայրենիքի միջև լավ հարաբերություններ լինեն. - «Բայց այսօրվա պայմանների մեջ մենք նույն հանգստությամբ այս բանը չենք կարող ասել՝ տեսնելով, որ Թուրքիայում իշխող կառավարությունը տակավին շարունակում է իր հայատյաց կեցվածքը, այս պայմաններում այդ ցանկությունը այլևս չունենք»։
Անկարայի շարժառիթների մասին գրում է «Ալ Մոնիտոր»-ի թուրք հայտնի սնունակագիր Ամբերին Զամանը: Թուրքիան, ըստ նրա, հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղությունը կօգնի վերականգնել միջազգային հեղինակությունը, որը մեծապես խաթարվել է երկրի ներսում մարդու իրավունքների ոտնահարման, Արևելյան Միջերկրականում և Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական ներխուժման պատճառով: