Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու Անկարայի հայտարարության ֆոնին ամերիկյան Bloomberg պարբերականը ուշագրավ մանրամասներ է փոխանցում այս գործընթացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դերի մասին:
Պարբերականը, հիմնվելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայից ստացած տեղեկության վրա, գրում է, թե հոկտեմբերի վերջին, Հռոմում G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել՝ բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը:
Bloomberg-ը գրում է․ - «Անկարան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավմանը, որոնք լարված շրջան են ապրում ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերի գնման պատճառով»:
Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից, նույն տարում փակվել էր նաև օդային սահմանը, սակայն այն բացվեց 1995 թվականին։ Չնայած 1991-ի դեպտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվել: Այժմ կողմերը պատրաստակամություն են հայտնել երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակել: