Մատչելիության հղումներ

Հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ Մուրադով


Գերի ընկած հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները ներկայումս շարունակվում են։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Մինչ օրս ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են, կա լավ դրական բան, կա ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Ռուս խաղաղապահները վերջ կդնեն այս գործին»,- ասել է Մուրադովը։

Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտք։

«Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին թռիչքը, երբ մենք թռանք Բաքու, և վերադառնալուց տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն թռել էին Երևան դեպի Էրեբունի օդանավակայան: Դրանք արցունքներ էին, չէին հավատում, որ տուն են վերադարձել»,- ասել է նա։

Պատերազմից հետո Ադրբեջանը 126 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում միջնորդել էր՝ պահանջել Ադրբեջանից հայրենադարձել հայ գերիներին, սակայն միջազգային դատարանը օրերս կայացրած միջանկյալ որոշմամբ նման պահանջ չներկայացրեց Ադրբեջանին՝ նշելով՝ Հայաստանը չի ներկայացրել ապացույցներ, որ նրանք շարունակում են պահվել Ադրբեջանում իրենց ազգության կամ ռասայական ծագման հիմքով։

XS
SM
MD
LG