Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը մերժել է «Դոժդ» հեռուստաալիքի հայցն ընդդեմ Ռուսաստանի արդարադատության նախարարության:
Հեռուստաալիքը պահանջել էր անօրինական ճանաչել «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում «Դոժդ»-ը ներառելու՝ գերատեսչության որոշումը։
Արդարադատության նախարարությունն այդ որոշումը կայացրել է օգոստոսի 20-ին ։ Ըստ իշխանությունների, հեռուստաալիքը համակարգված կերպով նյութեր է տարածել այլ լրատվամիջոցներից՝ «օտարերկրյա գործակալներից», ինչպես նաև ստացել արտասահմանյան ֆինանսավորում:
Հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է, որ նախարարության որոշումը անկախ մամուլի նկատմամբ իշխանությունների ճնշման գործիք է։
2021 թվականին Ռուսաստանում տասնյակ լրատվամիջոցներ և դրանց աշխատակիցներ ճանաչվել են «օտարերկրյա գործակալներ»: