Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը 100 հազար ռուբլով տուգանեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին


Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը երեկ որոշեց 100 հազար ռուբլով (1600 ամերիկյան դոլար) տուգանել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին։

Դատարանը գտնել է, որ ընկերությունը խախտել է «Օտարերկրյա գործակալի մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ համապատասխան մարմիններին ֆինանսական հաշվետվություն չի ներկայացվել:

Դատարան էր դիմել Ռուսաստանի արդարադատության նախարարությունը։

Ընկերության փաստաբանը նշել է, որ չնայած բազմաթիվ դիմումներին, արդարադատության նախարարության չինովնիկներն այդպես էլ չեն պարզաբանել փաստաթղթերի լրացման կարգը: Բացի այդ, «օտարերկրյա գործակալ» համարվող լրատվամիջոցների ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու կարգն ուժի մեջ է մտել այն ժամանակ, երբ արդեն ավարտվել էր հաշվետվությունը ներկայացնելու օրենքով նախատեսված ժամկետը, ընդգծել է ընկերության փաստաբան Վերինիկա Դեմիդովան։

Սակայն դատարանն այդ փաստարկները հաշվի չի առել։ Դատարանը մերժել է նաև լսումները հետաձգելու փաստաբանի միջնորդությունը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթն ասել է, որ «Օտարերկրյա գործակալի» մասին օրենքը խախտելու մեղադրանքները կարող են հանգեցնել Ռուսաստանում ընկերության և նրա աշխատակիցների դեմ քրեական բնույթի մեղադրանքների և սպառնալ ռադիոկայանի գործունեությանը Ռուսաստանի տարածքում:

Նա նշել է, որ Ռուսաստանում ընկերության նկատմամբ հետապնդումների նոր կտրուկ սրացումն ուղղված է խոչընդոտելու ընկերության աշխատանքը և հանրության մոտ կասկածամտություն առաջացնելու աշխատակիցների հանդեպ:

Դատարանի որոշումը հաջորդում է ութ ամիս առաջ Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, «Ամերիկայի ձայն»-ին ու մի շարք լրատվական հաղորդումներին «օտարերկրյա գործակալ» պիտակավորելու որոշմանը:

Թոմաս Քենթն ասել է, որ ինչպես երևում է, անցած տարվա դեկտեմբերից ուժի մեջ մտած օրենքն ի սկզբանե քաղաքական բնույթ է կրել:

«Ռուսաստանում գործող արտասահմանյան բոլոր լրատվամիջոցներից «օտարերկրյա գործակալ» են համարվել միայն ԱՄՆ-ի Կոգրեսի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները: Մեր կարծիքով՝ օրենքը ստեղծվել է բացառապես մեզ թիրախավորելու համար: ԱՄՆ-ի օրենսդրությունը երաշխավորում է մեր խմբագրական անկախությունը, և պնդումները, թե մենք որևէ կառավարության գործակալ ենք, կեղծ են: Դա ազդեցություն է թողնում Ռուսաստանում մեր աշխատանքի վրա և վտանգներ ստեղծում մեր աշխատակիցների համար», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG