Ռուսաստանի իշխանությունները շարունակում են ճնշումները մամուլի նկատմամբ` հռչակելով Կրեմլը քննադատող լրատվամիջոցները «օտարերկրյա գործակալներ»։ Այս անգամ «օտարերկրյա գործակալ» հռչակվեց «Дождь» անկախ հեռուստաալիքը։
Մինչ այդ Կրեմլի գլխավոր թիրախ դարձավ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ինչպես նաև «Настоящее Время» հեռուստաալիքը։ «Ազատություն» ռադիոկայանը, չհամաձայնելով ռուսական իշխանությունների պահանջը` հանդես գալ «օտարերկրյա գործակալ» պիտակով, փակեց ռուսական ծառայության մոսկովյան գրասենյակը։
Անցած շաբաթ օրը` օգոստոսի 21-ին, անկախ մամուլի դեմ հարձակման հերթական թիրախ դարձավ «Дождь» հեռուստաալիքը՝ սակավաթիվ ռուսական լրատվամիջոցներից մեկը, որը հարթակ և խոսափող է տրամադրում Կրեմլի քաղաքականության քննադատներին։ «Дождь»-ը լայնորեն լուսաբանել է Ալեքսեյ Նավալնու թունավորման իրադարձությունների ողջ շղթան, որը հավանաբար շարժառիթներից մեկն էր լրատվամիջոցի նկատմամբ այդպիսի պատժամիջոց սահմանելու համար։ Խորհրդանշանական էր այդ առումով այն փաստը, որ Արդարադատության նախարարությունն այդ որոշումը կայացրեց Նավալնու թունավորման տարեդարձի օրը։
Որոշմանը ի պատասխան, «Дождь»-ի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն հայտարարեց, որ «Дождь»-ը որևէ մեկի գործակալը չէ. յուրաքանչյուր ժամ այն աշխատում է միայն ի շահ Ռուսաստանի։
«Մենք ռուսական լրատվամիջոց ենք, որը արդեն 11 տարի շարունակ ամեն օր պատմում է մեր հեռուստադիտողներին այն մասին, թե ինչ է տեղի ունենում առաջին հերթին Ռուսաստանում ու նաև, իհարկե, նրա սահմաններից դուրս։ Մենք պատմում ենք այն, ինչի մասին չեն պատմում պետական հեռուստաալիքները, պետական թերթերի էջերը կամ պետական կայքերը կամ պետականամերձ տելեգրամ ալիքները։ Օտարերկրյա գործակալների ցուցակում ընդգրկված մեր գործընկերների փորձից գիտենք, թե ինչպիսի դժվարություններ կան», - հայտարարեց նա։
«Լրագրողական համերաշխություն» արհմիութենական կազմակերպության ղեկավար Իգոր Յակովենկոն կարծում է, որ Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են օտարերկրյա գործակալի մասին օրենքը` ոչնչացնելու համար ցանկացած լրատվական միջոց, որը չի ենթարկվում պետական քարոզչությանը:
«Այն բանից հետո, երբ Ռուսաստանում ընդունվեց օրենք զանգվածային լրատվամիջոցների մասին, ռուսական լրատվամիջոցները դարձան բազմակարծիք, ազատ և անկախ տեղեկատվության կրողներ։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ այժմ հարվածի տակ են հայտնվում հենց ռուսական լրատվամիջոցները, ինչպես օրինակ «Дождь»-ը։ «Дождь»-ը, իհարկե, մեծ լսարան ունի և այն սակավաթիվ ոչ պետական, անկախ զանգվածային լրատվամիջոցներից մեկն է, որը այլընտրանք է ատելության պաշտոնական հեռուստաալիքներին», - ասաց Յակովենկոն։
Արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների ցուցակում է ընդգրկում թե՛ լրատվամիջոցի խմբագրությունը և թե՛ լրագրողներին։ Այժմ այդ ցուցակում ընդգրկված են ավելի քան 26 ֆիզիկական անձ և 17 զանգվածային լրատվամիջոց, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանը , «Настоящее Время», «Ամերիկայի ձայնը», «Медуза» լրատվամիջոցը։
Շաբաթվա վերջին «Дождь» հեռուստաալիքի լրագրողները և նրանց աջակցող լրատվամիջոցների ներկայացուցիչներ բողոքի ակցիա անցկացրեցին Մոսկվայի ՖՍԲ-ի շենքի առջև։ Բողոքող լրագրողները պաստառներ էին կրում` «օտարերկրյա գործակալները դուք եք», «մենք չենք դադարի լրագրղ լինելուց» բովանդակությամբ։
Իշխանությունները պնդում են, թե «Дождь»-ը օտար երկրներից ֆինանսական միջոցներ է ստանում, ուրեմն աշխատում է օտար երկրների համար։ Այդ պատճառով, լրատվամիջոցի բոլոր հաղորդումները պետք է կրեն «օտարերկրյա գործակալներ» բացատրությունը։ Սա օրենքի բացարձակ պահանջ է, որ չկատարելու դեպքում Ռուսաստանի իրավապահները սպառնում են միլիոնավոր ռուբլիների տուգանքներով։
Ավելի վաղ օտարերկրյա գործակալ հռչակված ռուսական ամենահայտնի հեղինակավոր «Медуза» լրատվամիջոցի խմբագիր Գալինա Տիմչենկաոն կարծիք հայտնեց, որ Կրեմլը գնում է դեպի կատարյալ ինքնամեկուսացում և աստիճանաբար «Բեռլինի պատ» է կառուցում ճշմարտության շուրջ։
«Медуза»-ն օրական ավելի քան 1Օ միլիոն այցելու ունի և համարվում է առաջատար ռուսական լրատվական դաշտում։ Տիմչենկոն համարում է, որ Ռուսատանը մամուլի դեմ այս հարձակումներով գնում է դեպի ռազմական դիկտատուրա։ «Մեզ սպառնում են մեկ միլիոն եվրոյի տուգանքով, մենք այդպիսի միջոցներ չունենք», - ասաց Գալինա Տիմչենկոն գերմանական «Deutsche Welle» հեռուստածրագրին։