Գլխավոր դատախազությունը հաստատել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը և գործը ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
Ըստ իրավապահների՝ 1997-2011 թվականներին Վլադիմիր Գասպարյանը, զբաղեցնելով Զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում։ Նա, մասնավորապես, մի զինծառայողի թույլ է տվել իր պարտականությունները կատարելու փոխարեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։
ՀՔԾ-ի պնդմամբ՝ այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 մլն դրամ աշխատավարձ։ Այս դրվագով նախկին ոստիկանապետ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ:
«Նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 միլիոնը, դրանից 54 միլիոնը վերաբերում էր Ալեքսանդր Սարգսյանի կողմից վերականգնված գումարին: Այնտեղ վերականգնված գումար կա նաև կապված Վլադիմիր Գասպարյանի դստեր կողմից Ոստիկանության զորքերում ծառայության չգնալու, սակայն վարձատրվելու դրվագին: Այդ դրվագով ևս պետությանը պատճառված ավելի քան 8 միլիոն դրամը վերականգնվել է նախաքննության ընթացքում դստեր կողմից», - ասաց Խորեն Մեժլումյանը:
Վլադիմիր Գասպարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում, յուրացում կատարելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում։