«Ծայրահեղ աղքատությունը պետք է Հայաստանից ընդհանրապես վերացնենք», - այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
«Սրա համար մենք կատարել ենք առաջին` ամենակարևոր քայլը՝ 85 հազար նպաստառուի և թոշակառուի, ում թոշակը պարենային գծից ներքև է, չի հերիքում գոնե մի ամսվա հացի և մսի փողը, մենք այդ մարդկանց թոշակները միանգամից 10 հազար դրամով ավելացել ենք, որպեսզի նրանց թոշակը դառնա գոնե պարենային գծից վերև, և մենք համոզված լինենք, որ մեր էդ թոշակառուները, նպաստառուները, որոնք հաշմանդամություն ունեցող մարդիկ են, սովահար չեն լինելու», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս հարցերը հնարավոր է լուծել միայն ու միայն աշխատանքով։
«Ես հավատում եմ մեր ազգային հավաքական աշխատասիրությանը, ձեզանից յուրաքանչյուրի տաղանդին, ես հավատում եմ, որ մենք ստեղծող ժողովուրդ ենք, աշխատող ժողովուրդ ենք, և մենք անպայման մեր երկիրը հանելու ենք էս փոսից, աղքատության էս ճիրաններից, և դա անելու համար մի ճանապարհ կա՝ աշխատանք։ Մենք պետք է համախմբվենք և աշխատենք մեր երկիրը էս վիճակից հանելու համար», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ շխատանք ասելով նկատի ունի այն աշխատանքը, որի արդյունքներով մարդն իրեն բավարարված է զգում, լավ է զգում, հաճույք է զգում։
«Շատ դեպքերում մեր երկրում մեր գիտակցության մեջ աշխատել և չարչարվել հասկացություններն իրար հետ համարժեք են։ Ինձ համար աշխատանքն ու չարչարանքը նույն բանը չի, ի վերջո, ես աշխատանք ասելով նկատի ունեմ այն աշխատանքը, որի արդյունքներով մարդն իրեն բավարարված է զգում, ինքն իրեն լավ է զգում, ինքը հաճույք է զգում, որ ինքն աշխատանք արեց և արդյունք ունեցավ և կարող է հրճվի իր աշխատանքի արդյունքներով։ Մեզ համար այլևս աշխատանքը պետք է չարչարանք չլինի, տառապանք չլինի, մեզ համար աշխատանքը պետք է լինի լավ կազմակերպված, լավ մտածված մի պրոցես, որի արդյունքում մենք արդյունք ենք ստանում, ստեղծագործական հաճույք ենք ստանում և ի վերջո ջարդուփշուր ենք անում մեր երկիրը խարանող աղքատություն կոչվող երևույթը․ սա է մեր նպատակը», - ասաց «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։