Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի արտգործնախարար Միխայել Լինհարտին է ներկայացրել Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Միրզոյանը Ստոկհոլմում է ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, Միրզոյանն անդրադարձել է նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի և Խորվաթիայի արտգործնախարարների հետ, ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները, մտքեր փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ՝ կարևորելով նաև ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։
Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։