Մատչելիության հղումներ

Կարևոր է  տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության հասցեական արձագանքը․ Միրզոյան


Կարևոր է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը, երեկ ասել է Հայաստանի արտգործնախարարը` Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ հանդիպման ժամանակ։

Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում մասնակցում է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեդիայի Ռիկսդագի նախագահին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։

Այս տարվա նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմը հաղորդեց 6 զոհի մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը 13 հայ զինվորների է գերեվարել, 24 զինծառայողների ճակատագիրն էլ անհայտ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին ասուլիսի ժամանակ հայտնեց՝ չճշգրտված տվյալով 32 գերեվարված կա։Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է 7 զոհի և 10 վիրավորի մասին։ Բախումներից 10 օր անց Բաքուն հայկական կողմին փոխանցեց երկու քաղաքացու։

Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։

Պատերազմից հետո Ադրբեջանը 116 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Ստոկհոլմում Միրզոյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։ Այսօր նախատեսված է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG