Apple ընկերությունը դատի է տվել իսրայելական NSO Group ընկերությանը՝ մեղադրելով iPhone-ի օգտագերերին հետևելու համար հատուկ ծրագիր ստեղծելու մեջ:
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ Apple-ը մտադիր է դատարանի միջոցով արգելել NSO ընկերությանը իր արտադրանքը, սարքերը կամ ծառայությունները որևէ կերպ օգտագործել։
Այս տարվա ամռանը լրագրողները պարզել էին, որ առնվազն10 երկրների հատուկ ծառայություններ օգտագործել են NSO Group-ի կողմից մշակված Pegasus ծրագիրը՝ քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին հետևելու համար։
NSO Group-ի հաճախորդների թվում, ըստ լրագրողական հետաքննության, Ադրբեջանի, Բահրեյնի, Հունգարիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Մեքսիկայի, Մարոկոյի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Տոգոյի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարություններն են: Pegasus ծրագրով լրտեսվել են նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության լրագրողները:
NSO Group-ը հայտարարել է, որ իր մշակած ծրագիրը նախատեսված է հանցագործների և ահաբեկիչների դեմ պայքարելու համար և մատակարարվել է այնպիսի երկրների, որ հարգում են մարդու իրավունքները։