Ադրբեջանական կողմը երեկ, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, Շուշիում 3 հայ զինծառայողի մարմին է փոխանցել, այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
Ըստ գերատեսչության՝ նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից։ Դիերը այսօր տեղափոխվել են Երևան։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք Շուշիում հայկական կողմին են հանձնվել այն զինծառայողների մարմինները, որոնց անուններն այսօր հրապարակել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Մեր զանգերն անպատասխան են մնում։
Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ, նրանցից մեկի ինքնությունը դեռ պարզվում է։
Ռազմական գերատեսչությունը հրապարակել է 5 զոհվածների անունները. - «1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Ամիրյան»։
Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր 13 հայ զինվորի գերեվարման մասին։ Պաշտպանական գերատեսչությունն առայժմ չի հստակեցնում, թե այս պահին քանի հոգու ճակատագիր է շարունակում անհայտ մնալ։ Ավելի վաղ հայտնել էին, թե 24-ի հետ կապը կորել է։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը 7 զոհի և 10 վիրավորի մասին էր հայտնել։
Մարտական գործողություններին ամենամոտ բնակավայրում՝ Սիսիանի տարածաշրջանի Իշխանասարում վերջին օրերին խաղաղ է, կրակոցի անգամ մեկ ձայն չի լսվել, ասում է վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ Նոյեմբերի 16-ին այստեղ պայթյունի ու կրակոցի ձայները պարզ լսելի են եղել։
«Վերջին օրերին կրակոցներից հետո, ամսի 17-ին՝ ժամը 2-ին, որ սկսել ա, վերջին վերջացել ա, դրանից հետո մինչև էսօր անգամ մի հատ պնգիկ չի եկել, ոչ մի բան: Մեր բանակն ամուր նստած ա, մեր հրետանին նստած ա, մեր հրամկազմը շատ ընտիր տղերք են, ոչ մի բան չկա: Դպրոցը գործում ա, գիշերային լույսերը վառվում են այսօր գյուղում», - ասաց Պետրոսյանը:
Երեկ, սակայն, կրակոցներ են հնչել հայ-ադրբեջանական սահմանի՝ Գեղարքունիքի հատվածում։ Վերին Շորժայի ղեկավար Արտյոմ Երանոսյանի փոխանցմամբ, ադրբեջանցիները կրակել են գյուղացիներից մեկի տրակտորի ուղղությամբ։ Ինքը միջադեպի ժամանակ տարածքում էր. գյուղացին հողագործական աշխատանքներն իրականացնելիս է եղել։ Գնդակը կպել է տրակտորի մետաղական հատվածին, ասում է Երանոսյանը. - «Կրակոցներ երեկ երեկոյան ժամին ա եղել, տեխնիկայի վրա են կրակել, էն էլ մեր տղերքը լռեցրեցին»:
Գյուղի վարելահողերն ադրբեջանական դիրքերից մոտ 300 մետր հեռավորության վրա են։ Վերին Շորժայի վարչական ղեկավարն ասում է, որ չնայած երեկվա միջադեպին, գյուղացիներն այսօր գնացել են հողերը վարելու։
Ադրբեջանական կողմն էլ պնդում է, թե հայկական զինուժը երեկ կրակ է բացել Տավուշի սահմանին մոտ գտնվող ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։