Մատչելիության հղումներ

Ղարաբաղից հեռացած ադրբեջանցների մի մասը, հատկապես երիտասարդները դժվար են պատկերացնում իրենց վերադարձը


44-օրյա պատերազմից մեկ տարի անց ադրբեջանական իշխանությունները պարբերաբար հայտարարում են իրենց վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման և վերաբնակեցման ծրագրերի մասին: 2021 թվականի պետական բյուջեից 2 միլիարդ մանաթ՝ մոտ 1 միլիարդ 177 միլիոն դոլար է հատկացվել այս նպատակների իրագործման համար:

Իլհամ Ալիևը քանիցս հայտարարել է, որ մոտ ապագայում քաղաքացները արդեն կարող են վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր: Թեև շուրջ երեք տասնամյակ առաջ Ֆիզուլիից, Աղդամից, Շուշիից և այլ բնակավարերից հեռացած ադրբեջանցների մի մասը մտածում է վերադարձի մասին, բայց նոր սերունդը դժվար է պատկերացնում իր կյանքը ծնողների ծննդավայրում:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը փախստականների ընտանիքներում ծնված և մեծացած ադրբեջանցիներից հետաքրքրվել է` արդյոք ուզում են ապրել Ղարաբաղում, որը երբեք չեն տեսել:

Արմատներով Զանգելանից 25-ամյա Ռամինի 5 հոգանոց ընտանիքը անբարեկարգ հանրակացարանի մի փոքր սենյակում է ապրում: Երազում է մեծ տուն գնել, բայց ոչ թե ծնողների հայրենի Զանգելանում, այլ Բաքվում: Ասում է՝ գուցե տեղափոխվի Ղարաբաղ, երբ ծերանա. Այնտեղ կյանքը ուրիշ է, ինձ համար շատ դժվար կլինի հարմարվել, ես 20 տարուց ավել է` Բաքվում եմ ապրում»:

Ռամինի նման հանրակացարաններում բնակվող շատ երիտասարդներ նախընտրում են մնալ Բաքվում՝ կրթությունը շարունակելու, կարիերա ունենալու համար: Ավելի տարեց մարդիկ Ղարաբաղ տեղափոխվելու մասին մտածում են, բայց միևնույն է` դա դժվար են համարում։

58-ամյա Իռադե Ֆեթելիևան 30 տարի է, ինչ հանրակացարանում է ապրում և անհամբեր սպասում է հայրենի Ֆիզուլի վերադառնալու օրվան: Սակայն Բաքվում է թողնելու դստերն ու երկու թոռներին: Հույս ունի` գոնե տուն գնել նրանց համար. «Երբ Բաքու տեղափոխվեցինք, աղջիկս 10 ամսական էր, նա Ֆիզուլին չի տեսել: Իսկ մեծ եղբորս աղջիկը այն ժամանակ 7-8 տարեկան էր, հիշում է այդ տարիները, մեր տունը և ուզում է մեզ հետ վերադառնալ»:

Ծնունդով Ջեբրայիլի շրջանից Նորվեգիայում բնակվող ադրբեջանցի գրող Գյունել Մովլյութը, որը փախստականների մասին «Ճամբար» գիրքն է հեղինակել, կարծում է, որ Ղարաբաղի վերաբնակեցումը այնքան էլ իրատեսական չէ, ավելի շատ ռոմանտիկ և գաղափարախոսական ծրագիր է. «Կարծում եմ `19-20, 25 տարեկան երիտասարդները չեն ցանկանա տեղափոխվել Ղարաբաղ, քանի որ հոգևոր կապ չունեն այդ տարածքի հետ, այնտեղ չեն ծնվել, մանկություն չեն անցկացրել: Բացի այդ, երիտասարդները իրենց կրթության և կարիերայի մասին են մտածում և նախընտրում են մեծ քաղաքներում հաստատվել: Նրանք արդեն իրենց տունն ու կյանքն ունեն և չեն ուզենա լքել հարազատ վայրերը»:

Գյունել Մովլյութի խոսքով` չնայած միջին տարիքի և տարեց մարդիկ ավելի կապված են իրենց նախկին բնակավայրերի հետ, բայց նրանց վերադարձը ևս հեշտ գործընթաց չէ: 30 տարում նրանք արդեն մոռացել են, թե այնտեղ կյանքի ինչպիսի պայմաններ կային: Բացի այդ, մարդիկ պետք է հասկանան` տեղափոխվելու դեպքում ինչպես են ապրելու, ինչով են զբաղվելու, այլապես մշտական չեն հաստատվի այնտեղ:

«Նախկինում եղած ենթակառուցվածքներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել, իսկ նորերը դեռ չեն ստեղծվել: Նույնիսկ եթե այդ հարցերը լուծվեն, աշխարհագրական այդ պայմաններում մարդկանց համար կյանքը հեշտ չի լինելու», - նկատում է նա:

Չնայած հնարավոր դժվարություններին, ոմանք արդեն սկսել են ծրագրել իրենց նոր կյանքը Ղարաբաղում: 26-ամյա երաժիշտ Խեյալ Էլիևը բանջարեղեն ու խաղալիքներ է վաճառում: Ասում է՝ Բաքվում գործերը լավ չեն, երազում է Աղդամ տեղափոխվել և այնտեղ դպրոցում երաժշտություն դասավանդել: Ծնողներից շատ է լսել Աղդամում իրենց տան մասին. «Ինձ պատմում էին, թե ինչպիսին էր մեր տունը` 17-20 մետր երկարությամբ, երեք հարկանի, իսկ մենք եկել այստեղ 16 քառ. մետրանոց սենյակում ենք ապրում: Հուսով եմ` կտեսնեմ այնտեղի գեղեցիկ բնությունը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG