ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը:
«Զրուցեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը, որը հաստատվեց Ռուսաստանի միջնորդությունից հետո, և կոչ արեցի դեէսկալացիայի։ Խորապես ցավում եմ մարդկային կորուստների համար», - Թվիթերում գրել է Լինդեն։
ԵԱՀԿ գործող նախագահը նաև վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների և իր անձնական ներկայացուցչի միջոցով շարունակական գործընթացին։
Հայաստանի արևելյան սահմանագոտում նոյեմբերի 16-ին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։