Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև։ Վլադիմիր Պուտինն ու Սեիդ Էբրահիմ Ռաիսին ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև «Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը»։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած քայլերի մասին՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ», - հաղորդում Կրեմլի մամլո ծառայությունը։
Պաշտոնական Թեհրանը, իր հերթին, հաղորդում է, որ նախագահ Ռաիսին ողջունել է Կովկասյան տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են՝ տարածաշրջանում աշխարհքաղաքական իրավիճակի և տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխություն անթույլատրելի է», - ասվում է Իրանի նախագահական աշխատակազմի մամլո ծառայության հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ՝ Պուտինն ասել է․ - «Տարածաշրջանում համագործակցության և վստահության մակարդակի բարձրացման համար ձգտում ենք գործարկել «3+3» խորհրդատվական մեխանիզմ և հույս ունենք, որ Իրանը կաջակցի դրան»։