Մատչելիության հղումներ

Ճգնաժամը լեհ-բելառուսական սահմանին շարունակվում է


Միգրանտները լեհ-բելառուսական սահմանի Բելառուսի հատվածում, Գրոդնոյի շրջան, 17 նոյեմբերի, 2021թ.
Միգրանտները լեհ-բելառուսական սահմանի Բելառուսի հատվածում, Գրոդնոյի շրջան, 17 նոյեմբերի, 2021թ.

Հարյուրավոր միգրանտներ վերադառնում են Իրաք:

Լեհ սահմանապահները ձերբակալել են ապօրինի ճանապարհով սահմանը հատած շուրջ հարյուր միգրանտների:

Հուսահատված մարդիկ ամեն կերպ փորձում են կտրել փշալարերը և հատել սահմանը: Փորձերը, որպես կանոն, ձախողվում են, սակայն միգրանտները, որոնց թվում կան կանայք և մանկահասակ երեխաներ, միևնույն է` ջանում են մի ճար գտնել և հայտնվել Եվրամիության տարածքում:

Շուրջ 300 միգրանտներ հավաքվել են Կուզնիցա-Բրուզգի անվամբ սահմանային անցակետի բելառուսական հատվածում, ցրտից կուչ եկած այդ մարդիկ տաքանում են խարույկների մոտ:

Վրանաշեն ավաններից հեռացող միգրանտներին բելառուս սահմանապահները փոխադրում են Գրոդնո քաղաքի արվարձանում տեղակայված տրանսպորտային պահեստի շենք, որտեղ այդ մարդիկ տաք սնունդ և ձմեռային հագուստ են ստանում:

Այս շաբաթների ընթացքում ցրտից, սովից և տարատեսակ հիվանդություններից մահացել է առնվազն 8 միգրանտ:

Շատերը սկսել են գիտակցել, որ Բելառուսից Լեհաստան տեղափոխվելու երազանքն, ավաղ, իրականություն չի դառնա: Մարդիկ համոզվում են, որ այս ցուրտ եղանակին Բելառուսում բաց երկնքի տակ մնալու փոխարեն, թերևս, ավելի խոհեմ է տուն վերադառնալ:

Իրաքցի հարյուրավոր միգրանտներ կամավոր համաձայնել են բելառուս ոստիկանների ուղեկցությամբ ավտոբուսներով մեկնել Մինսկի օդակայան, որտեղից հատուկ չվերթներով կվերադառնան Բադղադ:

Լեհաստանը Բելառուսին է մեղադրում այդ մարդկանց ծուղակը գցելու և դեպի Եվրամիության սահման ուղղորդելու համար:

Լեհերը նշում են, որ մեծ թվով միգրանտների մոտ կան ոչ միայն արդիական բջջային հեռախոսներ և քարտեզներ, այլև փշալարերը կտրելու պրոֆեսիոնալ գործիքներ, որոնք բավական թանկ են և վաճառվում են միայն մասնագիտացված խանութներում: Դրանք, ըստ լեհերի, չէին կարող բերվել օդանավերով:

Պաշտոնական Մինսկը «անհեթեթությթուն» է անվանել Վարշավայի այդ մեղադրանքները, պնդելով, թե միգրանտները Մերձավոր Արևելքից ընդամենն օգտվել են Բելառուս առանց վիզայի ժամանելու հնարավորությունից և, իբր, առանց որևէ ուղղորդման իրենց միջոցներով հասել են Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի սահմանների մոտ:

Լեհաստանի բանակի հրամանատարները հայտարարել են, որ նոյեմբերի 18-ին վաղ առավոտյան բելառուս սահմանապահները հետախուզական գործողություն են իրականացրել, անցակետի մի հատվածում վնասել են փշալարը, ինչից հետո միգրանտների մեծ խումբ հայտնվել է անցակետի մոտ, բայց ոչ թե վնասված փշալարի մոտ, այլ դրանից մի քանի հարյուր մետր հեռու:

Ըստ լեհերի, բելառուս սահմանապահները մի քանի միգրանտների կարգադրել են քարեր նետել լեհերի վրա և այդպես շեղել նրանց ուշադրությունը, որ այդ ընթացքում մնացած միգրանտները վնասված փշալարի հատվածով արագ տեղափոխվեն Լեհաստան: Դավադրությունն, ըստ լեհերի, կասեցվել է:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ այսօրվա դրությամբ մեծ թվով միգրանտներ չեն կարողացել հատել սահմանը:

«Ես շնորհակալություն եմ հայտնում մեր զինված ուժերին, մեր սահմանապահներին, ոստիկաններին, պարտականությունները պատվով կատարելու համար»,- ասել նախագահը:

Բրյուսելը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է ի պատասխան պատժամիջոցների միգրանտների ճգնաժամ հրահրելու համար: Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել այն բանից հետո, երբ Լուկաշենկոյի ռեժիմն անցյալ տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո բիրտ գործողություններ է կիրառել ընդդիմության նկատմամբ:

Բելառուսում այսօրվա դրությամբ կա մոտ 7 հազար միգրանտ, որոնցից 2 հազարը սահմանի մոտ է:

Միգրանտների խնդիրը Լուկաշենկոյի հետ երկու անգամ հեռախոսով քննարկել է Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը: Մինսկն Արևմուտքին առաջարկում է 2 հազար միգրանտների տրամադրել հումանիտար միջանցք` պարտավորվելով մնացած և 5 հազարին օգնել՝ վերադառնալ իրենց երկրներ: Մերկելը պետք է Եվրամիության լիդերների հետ քննարկի այդ տարբերակը:

«Ելնելով դրանից, նախագահ Լուկաշենկոն կարգադրել է միգրացիոն ծառայությանը և այլ հաստատություններին օգնել միգրատներին վերադառնալու հարցում, միակ պայմանը կամավորության սկզբունքն է, մենք ոչ մեկին չենք պարտադրի վերադարձ»,- ասել է Բելառուսի նախագահի խոսնակ Նատալյա Էյսմոնտը:

Եվրամիությունը հայտնել է, որ պատրաստ է օգնել միայն այդ միգրանտների վերադարձին իրենց երկրներ:

«Խոսք չի կարող լինել Լուկաշենկոյի ռեժիմի հետ բանակցելու մասին, ինչպես հայտնել ենք, մենք Բելառուսի հետ ընդամենը տեխնիկական քննարկումներ ենք անցկացնում ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների ներգրավմամբ՝ կազմակերպելու այդ մարդկանց վերադարձը»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG