Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները պատրաստվում են հավանություն տալ Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներին


Բելառուս - Միգրանտները Լեհաստանի սահմանին՝ Գրոդնոյի շրջանում, 13-ը նոյեմբերի, 2021թ․
Բելառուս - Միգրանտները Լեհաստանի սահմանին՝ Գրոդնոյի շրջանում, 13-ը նոյեմբերի, 2021թ․

Եվրամիության երկրների արտգործնախարարներն այսօր հավանություն կտան Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների հերթական՝ հինգերորդ փաթեթին։ Նոր պատժամիջոցները կսահմանվեն Եվրամիության երկրների հետ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով։

Եվրամիությունում պնդում են՝ ճգնաժամին մեղսակից են Բելառուսի իշխանությունները, որոնք Մերձավոր Արևելքից միգրանտների են բերում Բելառուս և ստեղծում են բոլոր պայմանները, որ նրանք առանց անհրաժեշտ փաստաթղթերի անցնեն Եվրամիության հետ սահմանը։

Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ բացի ֆիզիկական անձանցից, բելառուսցի պաշտոնյաներից, պատժամիջոցները կարող են վերաբերել Մինսկի միջազգային օդանավակայանին, ուր ժամանում է միգրանտների մեծ մասը։ Պատժամիջոցները կարող են անդրադառնալ նաև միգրանտների տեղափոխմանը մասնակցած ավիաընկերությունների և տուրիստական գործակալությունների վրա։ Ընդ որում, ԵՄ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Լեհաստանը, կարծում են, որ սահմանի ճգնաժամի համար պատասխանատու է ոչ միայն Մինսկը, այլ նաև Մոսկվան։

Ավելի վաղ արևմտյան մամուլը հայտնել էր, որ պատժամիջոցներ կարող են սահմանվել նաև ռուսական «Աէրոֆլոտ»-ի դեմ, սակայն ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների խոսքով՝ Ռուսաստանին պատժամիջոցները չպետք է վերաբերեն։

Բելառուսի հետ սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամը ստիպել է պաշտոնական Բրյուսելին նույնիսկ շփվել Մինսկի հետ՝ չնայած Եվրամիությունը չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես լեգիտիմ նախագահ։ Կիրակի օրը ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը իրավիճակը սահմանին հեռախոսով քննարկել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ։ Բելառուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մակեյը զրուցակցին տեղեկություններ է հայտնել Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից միգրանտների հոսքի կրճատման ուղղությամբ Մինսկի ձեռնարկած քայլերի մասին։

Մի քանի ամիս առաջ միգրանտները սկսել են Բելառուսի տարածքով ժամանել լեհական սահման։ Խոսքը հազարավոր մարդկանց մասին է․ նրանք փորձում են հասնել Լեհաստան, ինչպես նաև մյուս հարևան ԵՄ անդամ երկրներ՝ Լիտվա և Լատվիա։ Միգրանտներն ասում են, որ իրենց նպատակն է Գերմանիան, որտեղ պատրաստվում են ապաստան խնդրել։

Վերջին օրերին իրավիճակը սրվել է։ Անմիջապես սահմանի մոտ միգրանտների մեծ ճամբար է առաջացել, որտեղ գտնվում է մի քանի հազար մարդ, նրանցից ոմանք փորձում են ուժով ներխուժել Լեհաստան։

Ու թեև Բելառուսը հայտարարում է, որ միջոցներ է ձեռնարկել միգրանտների հոսքը կրճատելու համար, Մինսկում այսօր հարյուրավոր միգրանտներ կան, որոնք նույնիսկ գիշերում են փողոցներում կամ մետրոյի կայարաններում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG