Նորքի բարձունքի ամայի մի վայրում՝ «Նարինե» մանկական առողջարանի փլուզվող շենքում բերձորցի 15 ընտանիք է ապրում։
Առողջարանի, այսպես կոչված, հանգստի սենյակը հիմա Փուրթոյանների հյուրասենյակն է դարձել։ Թոքերի տարբեր հիվանդություններ ունեցող փոքրիկների համար նախատեսված առողջարանային այս շենքում ոչինչ չի պահպանվել. միայն գունավոր նկարներն են, մի պատին մկանները ամրացնող պատանի է, մի տեղ աղջնակ է։ Փուրթոյանները Բուրատինոյի քիթը փակելու համար մի մեծ ժամացույց են կախել։ Կյանքն այստեղ հիմա գունագեղ չէ։
«Քանդած շենք ա եղել, եկել ենք դուռ, լուսամուտ տվել են դրել ենք, մտել ենք մեջը», - ասաց Սուսաննա Ծատրյանը։
Բերձորցիներին ոչ ոք չի հրավիրել այս շենք, Սուսաննա Ծատրյանը պատմում է՝ պատերազմից հետո անտուն մնացին ու փնտրեցին, գտան այս անբնակ շենքը, պատուհաններ դրեցին, դռներ, պատեր հարմարեցրին, ինքը 8 երեխա ունի՝ բոլորը ընտանիքներով, այս պահի դրությամբ 11 թոռ ունի, հղի են նրա երեք դուստրերը, թոռների թիվը շուտով երեքով կավելանա, բոլորն այստեղ են։ Ամուսինը՝ Ավագ Փուրթոյանը սա ապրելու լավագույն տեղը չի համարում, բայց ելք չունեն, ասում է։
«Ստեղ ոնց ապրենք, ինչը փոխենք մենք ստեղ, ստեղ միլիոններ է պետք, որ սենյակներ շինվի», - ասաց Փուրթոյանը։
Փայտի վառարանների հույսին են, շենքում հոսանք ինքնուրույն են ապահովել՝ բենզինով աշխատող փոքր շարժիչ են դրել, օրը մի քանի ժամ լույս ունենալու համար։
Առողջարանի այս շենքը Պետգույքի կառավարման կոմիտեինն է և օտարման ենթակա է՝ կոմիտեից այս տարվա գարնանը այստեղ հաստատված բերձորցիներին հորդորել են դադարեցնել շինարարությունն ու անհապաղ լքել տարածքը։
Ոստիկանությունից են ամիսներ առաջ եկել՝ ավերակի նոր բնակիչներին դուրս հրավիրելու համար, բերձորցիները ասել են՝ գնալու տեղ չունեն։ Սևակ Մուրադյանը, որ այս շենքում առաջինն է հաստատվել, ասում է՝ կառավարությունը թող իրենց հարցը լուծի՝ կհեռանան։ Հայաստանից վերաբնակեցման ծրագրերով Արցախ, Քաշաթաղի շրջան, Բերձոր մեկնած մարդիկ հիմնականում ցանկանում են Հայաստանում էլ մնալ, մարզերում տուն ու հող են ուզում։
«Մենք կուզենանք, որ գնանք հողամաս մշակենք, ապրենք, աշխատենք», - ընդգծեց Սևակ Մուրադյանը։
Օգոստոսից հետո արցախցիների համար նախատեսված պետական աջակցության գումարը՝ 68 հազար, չկա, կառավարությունը այս ամսին է հաստատել տեղահանվածների ու տուն կորցրածների համար մի նոր ծրագիր, որով երեխաներին ու հաշմանդամություն ունեցողներին 50 հազար, իսկ մյուս շահառուներին 25 հազար դրամ կտան. դիմումների ընդունումը սակայն դեռևս չի սկսվել։
Բերձորցի Ռիմա Գրիգորյանն ասում է՝ Բերձորն անվտանգ չէ, այդտեղով հիմա ադրբեջանական շարասյուներն են անցնում, այստեղ էլ տանիք չունեն՝ այս ավերակից բացի. «Ասում ա՝ վիզներդ կտրելու եմ, ճանապարհով, որ գնում ենք, թե ինչի համար մենք էլ չենք իմանում։ Մենք ուզո՞ւմ ենք սենց թափառաշրջիկի նման մտնենք Հայաստանում։ Ես որ մեռնեմ, տուն չունեմ, սեղան չունեմ, որ դնեն վրեն, ինձ տանեն թաղեն»։
Ոչ միայն սեղան, երեկվանից նաև պահարաններ ու մահճակալներ ունի տիկին Ռիման, մի բարի ընտանիք է նվիրել իր օգտագործած գույքը։
Ոչ մի իր չուներ, առողջարանի նախկին հիվանդասենյակում գետնին էր քնում, ասում է՝ Բերձորի իր տունը ճամփի վրա էր, ամուսինը պատերազմի ավարտից հետո դիրքերից իջավ՝ տունն արդեն ամբողջությամբ թալանել էին հայերը։ Մյուսների պես ինքն էլ ուզում է ոչ թե այս քանդվող շենքում մնալ, այլ մի տանիք գտնել որևէ մարզում։
«Սա մեզ համար ապրելու տեղ չէ, չէ, ես սիրում եմ գյուղում ապրեմ, ինքս ստեղծեմ, ես պետությունից ոչ մի բան չեմ ուզում, 4 պատ եմ ուզում գյուղում», - նշեց նա։
Տիկին Ռիմային զանազան իրեր նվիրած բարերարը տորթի մի շքեղ սկուտեղ էլ է նվիրել,. պտտվող։ Տիկին Ռիմայի երազանքն է, որ ինքն ու իր բախտակիցները մի տաք անկյուն ունենան և սկուտեղի վրա իր թխած գունագեղ քաղցրեղենը պտտվի։