Մատչելիության հղումներ

Մեկ տարում 56 հանցագործություն արցախցիների նկատմամբ՝ Ադրբեջանի զինվորականների կողմից. Արցախի դատախազություն


Լեռնային Ղարաբաղ, Շուշի
Լեռնային Ղարաբաղ, Շուշի

Ջրագիծը մնում է վթարված, այնտեղ չենք աշխատելու, ասում է Արցախի ջրմուղկոյուղի ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը:

«Ջրագիծը վթարված վիճակում է այս պահին, մենք էլ չենք սարքելու», - նշեց Պողոսյանը:

Այսօր Արցախի ջրմուղի 22-ամյա աշխատակից Մարտիկ Երեմյանի հուղարկավորությունն էր, երկու օր առաջ ադրբեջանցի զինվորականը մոտեցել ու մի քանի մետր հեռավորությունից գնդակահարել էր Երեմյանին, կրակ բացել նաև նրա հետ ջրային խողովակների ու էներգամատակարարման գծերի շինաշխատանք կատարող երեք արցախցիների ուղղությամբ: Նրանք վթարավերականգնման աշխատանք էին կատարում Շուշիի մատույցներում ռուս խաղաղապահների դիրքերը սնուցող խողովակաշարի վրա: Տղամարդիկ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում պատմում են, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը թաքուն մոտեցել իրենց:

Գևորգ Մելքումյանը, Արմեն Սարգսյանն ու Գագիկ Ղազարյանը այժմ հրազենային վիրավորումներով Արցախի հանրապետական հիվանդանոցում են:

«Կայուն է երեքի վիճակն էլ, կարելի է ասել նույնիսկ բավարար», - ասաց հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար Գրիգորի Առստամյանը:

Առստամյանի տեղեկացմամբ՝ հնարավոր է, որ ավելի ուշ Գևորգ Մելքումյանը մեկ այլ վիրահատության կարիք զգա:

Հրադադարի այս մեկ տարում Ադրբեջանի զինվորականները արցախցիների նկատմամբ 56 հանցագործություն են կատարել: Արցախի դատախազությունը ամփոփիչ վիճակագրություն է ներկայացրել. կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո 2 խաղաղ բնակիչ է սպանվել և 9 զինվորական, 37 արցախցի հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանական կրակոցից:

Սա ընդամենը վիճակագրություն չէ, ասում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:

«Սա հստակ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի կողմից մեծ հաշվով վերաբերմունքի և քաղաքականության փոփոխություն չի եղել, Ադրբեջանը որևէ ձևով պատրաստ չի և չի էլ պատրաստվում հարգել Արցախում ապրող հայի կյանքի իրավունքը: Այս պայմաններում, երբ Ադրբեջանի կողմից խաղաղ գոյակցության մասին խոսակցություններ են լինում, ընդամենը պետք է ցույց տալ այս վիճակագրական տվյալները և սրանով ամեն ինչ փակել: Սրանով արդեն ամեն ինչ ասված է, որ եթե անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի այստեղ գտնվելու պայմաններում ադրբեջանական կողմը դիմում է նման գործողությունների, ապա որևէ ձևով հայ մարդու կյանքը երաշխավորված չի կարող լինել՝ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակի դեպքում», - նշեց Ստեփանյանը:

Շուշիի մոտակա խաչմերուկում տեղի ունեցած սպանությունը երեկ ադրբեջանական կողմը սպանությունը հիմնավորեց նրանով, որ Բաքվի առաջին դեմքերը Շուշիում հաղթանակ էին տոնում, և եթե մերձակայքում հայկական կողմն աշխատանք է կատարում, պետք է ռուս խաղաղապահների իմացությամբ ու ներկայությամբ լիներ:

Արցախի ջրմուղկոյուղի ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանն ասում է՝ այդ աշխատանքների մասին թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական կողմը տեղյակ էր. «Իրանք տեսնում էին, որ մենք եկանք ու աշխատում ենք, խաղաղապահների ջուրն անջատում էինք, մենք ջրագծի վրա վթարավերացման աշխատանքներ էինք կատարում»:

Արցախի օմբուդսմենը, ի պատասխան ադրբեջանական կողմի արդարացման, հիշեցնում է՝ ադրբեջանական կրակոցից մեկ ամիս առաջ սեփական նռան այգում աշխատող մարտակերտցի սպանվեց, նրա կողքին ռուս խաղաղապահներ էին:

«Շատ էժանագին փորձ էր նման ձևով արդարացնելը: Եթե անգամ նման բան կար և տեղեկացված չեք, ապա մարդիկ բառացիորեն ասում են, որ տեղեկացրել են, որ եթե խնդիր եք տեսնում, մենք կհեռանանք, ու դրանից հետո շարունակել են նրանց վրա կրակելը», - ընդգծեց պաշտպանը:

Երեկ երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Շուշիի մերձակայքում տեղի ունեցածին անդրադառնալով, նշել է, որ ռուս խաղաղապահները երկու կողմերի հետ համատեղ քննում են միջադեպը: Արցախի օմբուդսմենը որևէ հույս այս քննության հետ չի կապում, վերջին մեկ տարում, ասում է, պատժված հանցագործի չեն տեսել:

«Մարտակերտի դեպքով, օրինակ, հայտարարություն եղավ ադրբեջանական կողմից, որ բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից, մարդ սպանողը պետք է պատիժ կրի և ոչ թե ազատվի աշխատանքից: Աշխատանքից ազատվելը չի կարող համապատասխան պատիժ լինել մարդասպանության համար», - նշեց նա:

Վերջին դեպքին արձագանքել է նաև Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը։ Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձի սպանությունը: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ի էջում գրառում կա. «Մենք հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել իրենց ջանքերը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող և մինչ օրս չլուծված բոլոր հարցերի լուծմանը»:

Արցախի օմբուդսմենի դիտարկմամբ՝ Ադրբեջանը վերջին մեկ տարում՝ չնայած հռչակված հրադադարին, օր-օրի կոշտացնում է դիրքորոշումը, վարքագիծը և դրա պատճառն, ըստ նրա, անպատժելիությունն է:

XS
SM
MD
LG