Մատչելիության հղումներ

Ռազմագերիների, անհետ կորածների խնդրի վերաբերյալ ԱԺ փակ քննարկումը չկայացավ


Ռազմագերիների, անհետ կորածների խնդրի վերաբերյալ խորհրդարանական փակ քննարկումը չկայացավ, պատճառը հիմնական զեկուցող, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի բացակայությունն էր։ Նիստի ընթացքում այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Երրորդ նիստում պետք է քննարկեինք հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները, հրատապ թեմայով հարցը, բայց քանի որ հիմնական զեկուցողը դահլիճից բացակայում է, այս հարցը հերթական նիստերի օրակարգից դուրս է գալիս, և մենք շարունակում ենք քննարկել օրակարգային մյուս հարցերը», - հայտնեց ԱԺ փոխնախագահը:

Այս քննարկումը պաշտոնական գրությամբ նախաձեռնել էին ընդդիմադիր խմբակցությունները։ Որոշումն ընդունվեց այսօր առավոտյան 61 կողմ ձայնով: Մինչ քվեարկությունը, սակայն, ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտեցին նիստը` լքելով դահլիճը:

«Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին արտահերթ նիստ, արտահերթ խորհրդի նիստ, որպեսզի երեկ կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում:

Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենն այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք սնդիկի մասին օրենքի «կարևորագույն» կետի ներառումը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նիստից հետո հրավիրված ասուլիսին ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը պարզաբանեց` նիստերին դահլիճ չեն վերադառնա անգամ իրենց նախաձեռնած գերիների հարցով քննարկման ընթացքում, քանի որ փակ ձևաչափն իրենց համար անընդունելի է:

«Պահանջել ենք, որպեսզի ներկայանան այս հարցի քննարկման համար Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Լավ, եթե ոչ այս հարցով, ուրիշ ի՞նչ հարցով են, որ այս մարդիկ պարտավորվածություն ունեն ներկայանալու: Ազգային ժողովի ղեկավարությունն էլ փաստորեն չի կարողանում ապահովել այս մարդկանց ներկայությունն Ազգային ժողովում», - շեշտեց պատգամավորը:

Կանոնակարգ օրենքի համաձայն՝ հիմնական զեկուցողի բացակայության ժամանակ հարցն օրակարգից դուրս է գալիս։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ը ևս նիստերի դահլիճ չվերադարձավ։ Պատգամավոր Աննա Մկրտչյանը պնդեց՝ իշխող մեծամասնությունը խեղաթյուրել է նիստի բովանդակությունը և ձևաչափը։

«Հարցադրումների նպատակը կայանում է նրանում, որ այն բացը ինֆորմատիվ, որը ստեղծեն են հենց իրենք` իշխանությունները, փորձեն լրացնեն հենց նաև իրենք, բայց իրենք դրա ցանկությունը չունեն, որովհետև ինչպես նախորդ հրատապ հարցով քննարկան նախաձեռնումը, իրենք էլի դա արեցին փակ ֆորմատով, ներկայացրին ոչ պատշաճ պաշտոնյաների ցանկ», - նկատեց նա:

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է բոլոր ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ Հայտարարությունից մեկ տարի անց էլ մի քանի տասնյակ հայեր ադրբեջանական գերության մեջ են։

Թե կոնկրետ քանի գերի է մնում Ադրբեջանի բանտերում, պաշտոնական Երևանը չի հստակեցնում, Բաքուն 40 հոգու մասին է հայտարարում։ Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանի պնդմամբ՝ կան հստակ ապացույցներ, որ Բաքվում պահվող հայերի թիվն առնվազն 3 անգամ շատ է և հասնում է 120-ի։

Բաքուն շարունակում է պնդել, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

XS
SM
MD
LG